Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով

2 Օգոստոսի, 2020 16:46
Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Եկեղեցու կառուցման հիմնարկեքը կատարվել էր 2013թ-ին՝ ռազմական համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի և համալսարանի անձնակազմի նախաձեռնությամբ: Շինարարությունն ընդհատվել էր, սակայն 2020թ-ին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրահանգով, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի նախաձեռնությամբ և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի մասնակցությամբ, եկեղեցու կառուցման աշխատանքները վերսկսվել են ու հասցվել ավարտին:

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ և առաջնորդությամբ սրբալույս մյուռոնով օծվեցին եկեղեցու խաչը, զանգը, սուրբ սեղանն ու մկրտության ավազանը: ԶՈՒ հոգևոր առաջնորդն օրհնանքի խոսք ասաց և բարեմաղթեց նորանոր ձեռքբերումներ հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքների պահպանության սուրբ գործում:

Այսուհետ ռազմական համալսարանի տարածքում կգործի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ աղոթք կբարձրացվի սպաների, կուրսանտների, համար, կկատարվեն եկեղեցու սուրբ խորհուրդները, պատարագներ, մկրտություններ և այլն:

  • Տարածել