Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

11 Հուլիսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ պաշտպանության ոլորտում գիտության հնարավոր ներուժի կիրառումը քննարկելու նպատակով:

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Անի Ապրահամյանի դերը գիտության առաջընթացի գործում՝ Հայաստանում և աշխարհում: Իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է. «Հարգելի պրոֆեսոր, երկար ժամանակ է հետևում եմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ձեռքբերումներին և հիացած եմ հաջողություններով: Ի սրտե ցանկանում եմ ուրվագծել գործնական հեռանկարները: Արագ փոփոխվող աշխարհում ցանկալի արդյունքի կարող ենք հասնել միասնական ջանքերի շնորհիվ: Բոլոր գործերում կարևոր է ճշգրտությունն  ու արագությունը: Դրան զուգահեռ` ցանկալի է տեսանելի դարձնել քվանտային տեխնոլոգիաների ներդրումը»:

Անի Ապրահամյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Դավիթ Տոնոյանին՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար և, մասնավորապես, նշել. «Պարոն նախարար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության և Ձեր կողմից առաջարկած գաղափարների իրագործման համար, որոնք մեծ հաջողություններ են բերել պաշտպանության ոլորտին: Միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ իրատեսական եք համարում գիտության և ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ջանքերի գործադրումը: Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել»:

Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք ուղղություններով համագործակցելու վերաբերյալ:

  • Տարածել