ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը Վիտյա Այվազյանի ծննդյան օրվա առթիվ

30 Դեկտեմբերի, 2019
Հայաստանի ազգային հերոս Վիտյա Այվազյանն օրինակելի մարդու, հայի տեսակ էր: Նա երազում էր իր երկրի տնտեսական բարգավաճման և քաղաքական կայունության մասին և ջանք չէր խնայում իր այդ երազանքին հասնելու համար:

Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից էր. իր ամառանոցում զենք ու պայթուցիկ նյութեր էր պահում, ինչպես նաև թռուցիկներ և արգելված գրականություն: Նա էր, որ կազմակերպեց և ղեկավարեց «Ղարաբաղ» կոմիտեն: Ու թեև իր այս գործունեության համար անգամ ձերբակալվեց, բայց ոչինչ նրան հետ չպահեց հայրենիքին ծառայելուց:

Գերագույն խորհրդի պատգամավոր էր, միևնույն ժամանակ Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբին անդամակցեց. կամավորականներին հագուստով, պարենով, զենք-զինամթերքով ապահովելու պատասխանատուներից էր: Ցավոք, նրա ազգանվեր գործունեությունն ընդհատվեց դավադիր գնդակից:

Այսօր մենք հպարտությամբ հիշում ենք ՀՀ բարձրագույն՝ «Հայրենիք» շքանշանով պարգևատրված հերոսին, ով իր անջնջելի հետքն է թողել Հայոց պատմության էջերում:

Շնորհավորում եմ Վիտյա Այվազյանի հարազատներին և ողջ հայ ժողովրդին Հայաստանի ազգային հերոսի ծննդյան օրվա առթիվ:

  • Տարածել