ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ

10 Դեկտեմբերի, 2019 10:04
Հարգելի´ զինծառայողներ, զինծառայողների ընտանիքների հարգելի´ անդամներ

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է մարդու իրավունքների միջազգային օրը: Այս օրն առիթ է, որ խոսենք այն մասին, թե ինչ ենք արել մենք բոլորս, և մեզանից յուրաքանչյուրը որպես պետական գործիչներ և ՀՀ քաղաքացիներ տարվա մնացած բոլոր օրերին մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, որտեղ ենք հաջողություններ գրանցել, և որտեղ ձախողվել, որովհետև ժողովրդավարական հասարակություններում մարդու իրավունքները պետք է  պաշտպանված լինեն յուրաքանչյուր վայրկյան, ժամ և օր:

Հավատարիմ լինելով այն սկզբունքին, որ մարդու իրավունքներն անքակտելի են անկախ հանգամանքներից և իրավիճակից, ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգը կառուցում է «համազգեստով քաղաքացի» սկզբունքի շուրջ, ինչն ենթադրում է, որ զինծառայողներն ունեն բոլոր այն իրավունքները և ազատությունները, ինչ բոլոր մնացած քաղաքացիները, և որ դրանք սահմանափակվում են միայն այնքանով, որքանով անհրաժեշտ են զինվորական ծառայության նպատակներից ելնելով:

Մենք բազմաթիվ միջոցառումներ ենք ձեռնարկել զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման ուղղությամբ. 2015թ.-ից ՊՆ համակարգում գործում է մասնագիտացված ստորաբաժանում՝ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, որին կից գործում է ՀՀ ՊՆ «Թեժ գիծը», որի միջոցով զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները կարող են բարձրացնել իրենց մտահոգությունները: Պարբերաբար մարդու իրավունքների թեմաներով քննարկումներ և վերապատրաստման դասընթացներ են անցկացվում ՀՀ ԶՈՒ անձնակազմի համար, ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երում արդեն ներդրված է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան: Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցում ամենօրյա աշխատանքային ռեժիմով համագործակցում ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ:

ՀՀ ՊՆ-ն գերակա խնդիրն է հռչակել զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը երաշխավորելու նպատակով զինծառայողների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացման, թափանցիկության ընդլայնման և ծառայողական քննությունների պարզեցման աշխատանքների իրականացումը, և շատ լավ գիտակցում ենք, որ չնայած ճիշտ ճանապարհով ենք շարժվում, այս ուղղությամբ մեծ աշխատանք ունենք տանելու:

Մենք ցանկանում ենք, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և հարգման սկզբունքը լինի ոչ թե ուսուցման կամ պարտադրման հետևանք, այլ յուրաքանչյուրի ներքին համոզմունքը, որ զինված ուժերն իր առաքելությունն իրականացնի համընդհանուր հարգանքի, փոխզիջման, փոխօգնության և զինվորական ընկերասիրության հենքի վրա, և որ մեզանից յուրաքանչյուրը՝ պաշտպանության նախարարից մինչև կրտսեր ծառայող, գեներալից մինչև շարքային լինի այս տեսլականի կրողը և գիտակցի իր պատասխանատվությունը դրա իրագործման համար:

Շնորհավորում եմ բոլորիս մարդու իրավունքների օրվա կապակցությամբ:

  • Տարածել