Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի համագործակցության զարգացման հեռանկարները

10 Դեկտեմբերի, 2019 17:27
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը` ք. Հելսինկի) և նորանշանակ ռազմական կցորդ, մայոր Յան Պուկիլային (նստավայրը` ք. Մոսկվա):

Պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Պուկիլային  առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պաշտոնավարման ընթացքում:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվել է միջազգային խաղաղության և կայունության ապահովման գործողություններին երկու երկրների ակտիվ ներդրման կարևորությունը, հատկապես` Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, որտեղ համատեղ առաքելություն են իրականացնում հայ և ֆինն զինծառայողները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Տարածել