Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը

29 Հոկտեմբերի, 2019
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը:

Պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումների արդյունավետությունը: Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ ՌԴ ՊՆ պատվիրակության այս այցը նոր լիցք կհաղորդի պաշտպանության բնագավառում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

ՌԴ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ իր այցը մեկնարկել է Գյումրիից` ընդգծելով տեղի ազգաբնակչության բարեկամական վերաբերմունքը 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմի հանդեպ:

Սերգեյ Շոյգուն գոհունակությամբ արձանագրել է պաշտպանական ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, կարևորել է համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությանը:  

 Այցի արդյունքներով ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է  երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:

  • Տարածել