Անցկացվել է «Կարգապահության պահապան» մրցույթի եզրափակիչ փուլը

12 Օգոստոսի, 2019 13:13
Օգոստոսի 10-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, Բանակային միջազգային խաղերի շրջանակում, անցկացվել է «Կարգապահության պահապան» մրցույթի եզրափակիչ փուլը: Մասնակից պետությունների ԶՈւ թիմերը հաղթահարել են մրցաշարի ամենաբարդ արգելագոտիները, անցնելով մոտ տասը կիլոմետր: Մրցափուլի արդյունքներով ՀՀ ռազմական ոստիկանության թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի:

Անմիջապես հետո հանդիսավորությամբ կայացել է «Կարգապահության պահապան» մրցույթի փակման արարողությունը: Լավագույն զինծառայողները պարգևատրվել են կրծքանշաններով և նվերներով: Հայկական կողմը նույնպես պարգևներ է հանձնել մրցակից թիմերի լավագույն մասնակիցներին:

Օգոստոսի 10-ը «Ալաբինո» զորավարժարանում հայտարարվել է նաև Հայաստանի օր, որի ընթացքում մարզական ավանի «Բարեկամության տանը» կազմակերպվել է համերգային ծրագիր` ազգային երգուպարի կատարումներով: Բանակային միջազգային խաղերին հետևող հարյուրավոր հյուրեր և այցելուներ ունկնդրել են հայկական դուդուկի հնչյունները, ոգևորությամբ ողջունել հայկական ռազմապարերն ու զինվորական երգերը: «Բարեկամության տանը» գտնվող հայկական տաղավարը ներկայացված կլինի մինչև խաղերի ավարտը: Տաղավարում ներկայացված ցուցանմուշները պատմում են Հայոց պատմության և մշակույթի մասին:

  • Տարածել