ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարում

8 Ապրիլի, 2019 11:59

Հարգելի՛ երկրապահներ

 

Ողջունում եմ ձեզ Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարի առթիվ և բարձր գնահատելով երկրապահի ծավալած գործունեությունը` անկեղծորեն կիսում այն սկզբունքները, որ կազմակերպությունը որդեգրել է գործունեության ամբողջ ընթացքում։ «Ես զբաղվում եմ, քաղաքականությամբ, որպեսզի Երկրապահը զերծ մնա դրանից». Վազգեն Սարգսյանի այս խոսքերը դարձան պատգամ՝ ուղենշելով Երկրապահի իսկական առաքելությունը՝ մշտապես պետության ու բանակի կողքին, հեռու քաղաքական տարբեր հոսանքներից:

Հպարտությամբ ու անթաքույց հիացմունքով թերթելով մեր նորօրյա պատմության` անձնազոհությամբ, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ լեցուն փառավոր էջերը` կարելի է միանշանակ փաստել, որ օրհասական պահերին ճակատագրական է եղել ցանկացած երկրապահի գործողությունը, որ նույնիսկ մեկ հոգու սխրանքը հաճախ վճռել է ամենաբարդ ու կարևոր դրությունների ելքը: Դեռևս գտնվելով կայուն անվտանգային միջավայր ձևավորելու ճանապարհին՝ պետք է մշտապես գիտակցել, որ այժմ ոչ պակաս կարևոր է բոլորիս դերը՝ ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ..., իսկ յուրաքանչյուր թերացումը, հապաղումը կարող են հանգեցնել ծանր հետևանքների:

Հարգելի՛ երկրապահներ, իմ խորին համոզմամբ, ցանկացած բնագավառում հաջողության հասնելու համար առաջնահերթ նախապայման են նպատա­կի հանդեպ ունեցած հավատն ու հանուն դրան գործելու կամքը: Դուք, կամային բարձր որակներ դրսևորելով թե՛ պատերազմական տարիներին և թե՛ հետպատերազմյան շրջանում, ոչ միայն մեծ պատասխանատվությամբ եք կատարել ձեր առջև ծառացած խնդիրները, այլև երկրին սպառնացող վտանգին դիմակայել եք երկրի տիրոջը վայել արժանապատվությամբ։ Այդպես եղավ նաև
2016-ի այս օրերին, երբ Երկրապահը վերստին առաջնագծում էր՝ հայ զինվորի կողքին:

Այժմ դժվար է գերա­գնահա­տել Երկրապահի դերն ու նշանակությունը հատկապես պատանիների ու աղջիկների հայրենասիրական դաստիարակության և, ըստ այդմ, որակյալ, առաքելության զգացումով համակված զորահավաքային ռեսուրս ունենալու գործում: Սա, անկասկած, ձեր մեծագույն ներդրումն է երկրի պաշտպանության համակարգում, և դա բոլորիդ նվիրյալ աշխատանքի արդյունքն է:

Այսօր, երբ հավաքվել եք ևս մեկ անգամ  քննարկելու, վերլուծելու, ի մի բերելու կատարած աշխատանքները և պլանավորելու հետագա գոր­ծունեության առանցքային հարցերը, համոզված եմ, որ կանեք օգտակար հետևություններ և հետա­գայում ևս ջանք ու եռանդ չեք խնայի Միության աշխատանքների ակտիվացման, պետու­թյան պաշտպանունակության ամրապնդման գործում նրա բարձր նշանակության և բոլոր ազատամարտիկներին համախմբողի կարևորագույն դերի պահպանման համար:

Մեզ բոլորիս մաղթում եմ անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ մեր պատասխանատու ծառայության մեջ, ի սրտե ցանկանում, որ հաջողությամբ պսակվեն Միության զարգացմանն ուղղված ձեր նախաձեռնություններն ու մտահղացումները, կյանքի կոչվեն բոլոր հայրենանպաստ նախագծերը:

Փա՛ռք հայ կամավորականին, զինվոր­յալին, ազատամարտիկին, երկրապահին և փա՛ռք մեր համահայկական, միասնական, հաղթական ոգուն:

  • Տարածել