Անցկացվում է բուժակների և սանհրահանգիչների մասնագիտական վերապատրաստման դասընթաց

14 Փետրվարի, 2019 15:40
Փետրվարի 4-ից ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում մեկնարկել է բուժակների և պայմանագրային սանհրահանգիչների մասնագիտական վերապատրաստման 2019թ. առաջին հոսքի դասընթացը: Վերապատրաստման դասընթացի մասնակիցներն ընտրվել են IQ հարցաշարերի և հարցազրույցի միջոցով: Անցկացվել է նաև մասնագիտական պատրաստության նախնական թեստավորում:

Բուժակների և պայմանագրային սանհրահանգիչների մասնագիտական վերապատրաստման տևողությունը կազմում է 8 շաբաթ։ Ունկնդիրների հետ կազմակերպվում են թե´ տեսական դասեր, թե´ ցուցադրական և գործնական պարապմունքներ, որոնք անցկացվում են նորագույն ուսումնական մուլյաժներով հագեցած սիմուլյացիոն սենյակում և դաշտային պայմաններում: Դրանց ընթացքում ունկնդիրները փոքր խմբերով գործնականում ամրապնդում են տեսական գիտելիքները՝ աշխատելով հրահանգիչների մշակած պլան-սցենարներով, որոնք կարող են պարունակել թե´ վնասվածք կամ վիրավորում, թե´ առօրյա գործունեության իրավիճակներ։ 

Դասընթացի շնորհիվ ունկնդիրները հմտանում են իրենց մասնագիտական պարտականություններից բխող գործունեության մեջ, սովորում ճիշտ և արագ գործել տարբեր արտակարգ իրավիճակներում՝ ձեռք բերելով ռազմական բժշկության նորագույն միջոցներով աշխատելու ունակություն և փորձ:

  • Տարածել