Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մամուլի ասուլիսը

13 Նոյեմբերի, 2018 11:30
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի մամուլի ասուլիսը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում վերջին շրջանում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ սպառազինության նոր միջոցների ձեռքբերման և մատակարարման, նյութատեխնիկական ապահովման և զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ Դուշանբեում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև հաստատված օպերատիվ կապը գործում է անխափան:  Այդ նպատակով և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում նշանակված են համապատասխան պաշտոնյաներ, որոնց միջոցով էլ փոխանցվում են անհրաժեշտ տեղեկությունները:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ադրբեջանական լրատվամիջոցների և պետական կառույցների կողմից շրջանառվող կեղծ տեղեկություններին, թե իբր Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ են գրավել: «Հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել»,- վստահեցրել է Դավիթ Տոնոյանը:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հայկական զինանոցը բազմաֆունկցիոնալ կործանիչներով համալրելու հետ կապված տարբեր ընկերություններից ստացվող առաջարկների, բանակում իրականացվող նոր նախաձեռնությունների ընթացքի, զինծառայողների սոցիալական երաշխիքների, մասնավորապես՝ բնակարանային ապահովման ընթացակարգի և սպաների հիփոթեքային վարկավորման նոր ծրագրի, բանակում սննդի կազմակերպման, ինչպես նաև զինվորական հագուստի որակական փոփոխության ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

  • Տարածել