Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նորանշանակ պետին

30 Հոկտեմբերի, 2018 18:38
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմին է ներկայացրել համալսարանի նորանշանակ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին և ընդգծել նրա ներդրումը բանակաշինության գործում, պաշտպանական ազգային հետազոտական համալարանի հիմնադրման և զարգացման ընթացքում։

Ներկայացնելով համալսարանի նորանշանակ պետին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ Գենադի Տավարածյանը պրոֆեսիոնալ, մարտական ուղի կերտած և զինված ուժերի համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած զինվորական է։

Իր խոսքում Դավիթ Տոնոյանը համալսարանի անձնակազմի առաջիկա գործունեության մի շարք առաջնահերթություններ և առանցքային կարևորություն ներկայացնող ուղղություններ է սահմանել` ռազմական գիտության զարգացում, հետազոտությունների արդյունավետության բարձրացում, համալսարանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի միջև կապի ամրապնդում, ուսումնական ձեռնարկների մշակման շարունակականության ապահովում։ 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չափազանց կարևոր է Հայաստանում ռազմական էլիտայի ձևավորումը, որը հնարավոր է միայն ազգային  ռազմակրթական հիմնարար միջավայր ստեղծելով։ Ազգային ռազմական էլիտան սուվերենության մենաշնորհն է, և  այդ էլիտան իր հերթին հանդիսանում է սուվերենության երաշխավորը։

Դավիթ Տոնոյանի ձևակերպմամբ, հենց այդ ազգային սուվերենության շնորհիվ կայացած ռազմական էլիտան կարող է պահել և պաշտպանել ազգային ինքնությունն ու հայրենիքի անվտանգությունը։ 

  • Տարածել