Ուսումնական տարվա մեկնարկը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

3 Սեպտեմբերի, 2018 16:01
Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 3-ին ՀՀ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Մաղթելով արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատության սաներին հորդորել է ուսումնառության ընթացքում բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Մոնթե Մելքոնյան անուն ազգանունը յուրաքանչյուրին պետք է պարտավորեցնի լավ սովորել՝ մտապահելով վարժարանի կոչումն ու առաքելությունը: «Յուրաքանչյուր մոնթեական պետք է գիտակցի, որ այսուհետև անմասն չի մնալու Հայաստանի ապագայի կառուցման գործընթացից և ամեն քայլ պետք է լինի իր և մեր երկրի վաղվա օրվա մի մասնիկը:

Դրսևորելով բարձր գիտակցականություն, ճիշտ ընտրելով ձեր ապագա մասնագիտությունը և կայանալով որպես հաստատակամ անհատներ` դուք սկսելու եք ծառայել ու գործել ի բարօրություն երկրի, ի նպաստ ապագայի, և երաշխիք եք դառնալու հաջորդ սերունդների համար, որպեսզի նրանք էլ գիտակցեն, որ ստեղծածը ոչ միայն ենթակա է պահպանման, այլ այն պետք է զարգանա ու հզորանա»,-նշել է Դավիթ Տոնոյանը:

Ընդգծելով նաև այն իրողությունը, որ հասարակությունը ձևավորող անհատների ֆիզիկական և մտավոր ներուժի հզորությունն է մեր երկրի ապագայի երաշխիքը՝ նախարար Տոնոյանը գոհունակությամբ է արձանագրել, որ վարժարանում ուսանող երիտասարդները գիտակցաբար են մոտենում ապագայում ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու և հայկական զինուժի սպայակազմը ձևավորելու չափազանց կարևոր նախապայմանին: «Վարժարանի սաներից շատերը այսօր զինված ուժերի հրամանատարական շղթայի անքակտելի մասն են և բարձր ու կարևոր հրամանատարական պաշտոններ են զբաղեցնում՝ իրենց կարգապահ ու նվիրված ծառայությամբ նպաստելով զինված ուժերի մարտունակությանը և ավելի ամուր դարձնելով հայոց սահմանը: Վստահ եմ, որ տարիներ անց մենք հպարտանալու ենք նաև ձեզնով»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև ռազմամարզական վարժարանի ղեկավար կազմը, ուսուցիչները և սաները: Կրթահամալիր ընդունված պատանիներին իր օրհնության խոսքն է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը: Ներկաներին իրենց հայրենասիրական կատարումներով ողջունել են ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթի զինծառայողները:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է վարժարանի անձնակազմի շարային երթով, որին հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական զրույցը սաների հետ և շրջայցը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող դիլիջանյան կրթահամալիրի տարածքում:

  • Տարածել