Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

9 Օգոստոսի, 2018 20:02
Օգոստոսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2015 և 2016 թվականներին հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին նույնպես հիմնադրամի կողմից հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը։

Հատուցման գումարների չափը սահմանվելու է օրենքով՝ կախված դեպքից և զինվորական կոչումից։ Ընդունված որոշման համաձայն՝ շահառու զինծառայողները կամ նրանց ընտանիքների անդամները հիմնադրամի կողմից 20 տարի շարունակ կստանան միանվագ ամսական վճարումներ հիմնադրամի օրենքով կանոնակարգված հատուցման գումարների և տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական կենսաթոշակային ապահովության  վճարի տարբերության չափով։

ՀՀ պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է հանրային աջակցությունը հայրենիքի պաշտպանության, մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու հարցում, համոզմունք հայտնելով, որ գործընթացը շարունակական է լինելու, և, կախված զինծառայողների ապահովագրության հիմնադրամի բյուջեի հնարավորություններից, աստիճանաբար, քննարկվելու են նաև 2015 թվականից առաջ տեղի ունեցած դեպքերի հատուցման տարբերակները։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև շահառու զինհաշմանդամ զինծառայողների հաշմանդամության կարգի փոփոխության հետ կապված հատուցման գումարների վերահաշվարկման կամ կասեցման ընթացակարգը։

  • Տարածել