ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավարին

10 Հուլիսի, 2018 18:28
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` ընդգծելով նաև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:     

Դեսպան Սվիտալսկին ևս գոհունակությամբ նշել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության դինամիկ զարգացումը, որին զարկ է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» գործնական իրականացումը: Եվրամիության պատվիրակը նաև վստահեցրել է, որ կողմերի միջև առկա է արդյունավետ համագործակցության ընդլայնման և խորացման քաղաքական կամք և անհրաժեշտ ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև  ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին:

  • Տարածել