ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

29 Մայիսի, 2018 18:45
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Տայվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակի քննարկումը՝ պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների, ներկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Որպես հակամարտության կարգավորման ուղղությամբ արդյունավետ բանակցությունների առաջ մղման կարևոր գրավական՝ Դավիթ Տոնոյանը կարևորել է առաջնագծում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ավելացնելով, որ հայկական կողմը հավատարիմ է այս հարցում իր ցուցաբերած կառուցողական կեցվածքին: Տայվո Կլաարն իր հերթին վերահաստատել է արցախյան հակամարտության՝ բացառապես խաղաղ, բանակցային եղանակով կարգավորմանը սատարելու հարցում Եվրամիության բազմիցս հնչեցրած դիրքորոշումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև գործակցության ակտիվացման հնարավորությունների վերաբերյալ:

  • Տարածել