Սահմանամերձ գոտիներում ծառայող զինծառայողների շուրջ 1700 ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին

28 Ապրիլի, 2018 00:30
ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ` ծնողների ճանապարհումն այս անգամ կազմակերպվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից` ապրիլի 27-ին:

Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զրուցել և հետաքրքրվել նրանց տրամադրվածությամբ և հուզող հարցերով:

Առանձնակի կարևորելով ծրագրի իրականացումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ են դառնում, հավելելով, որ նմանօրինակ նախաձեռնություններն օգնում են էապես ուժեղացնել հասարակության և բանակի կապը:

  • Տարածել