ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

23 Ապրիլի, 2018

Հարց - Պարոն նախարար, իմ հարցը վերաբերում է այս օրերի իրադարձություններին դեռահասների և պատանիների մասնակցությանը: Դեռ մի երկու-երեք տարի առաջ բանակ հասարակություն կապի մասին խոսելիս պնդում էին, որբանակում ինչ խնդիրներ կան, դրանք գալիս են հասարակությունից: Սակայն զինվորական գործընկերներն ասում են, որկվերցնեն մարդուն, այնուհետև նրան որպես թրծված և կրթված քաղաքացի կվերադարձնեն հասարակությանը: Հիմա այսպարագայում Դուք ինչպես եք հարաբերվելու զինվորների հետ:

Պատասխան - Շնորհակալություն: Գիտեք ես առիթ ունեցել եմ մի անգամ ասելու, որ նման գործընթացներում դպրոցականների և հատկապես մանկահասակների ներգրավումը հատում է կարմիր գիծը: Բացարձակ պետք է տարբերել ուսանողներից դպրոցականներին, անչափահասներին և հատկապես մանկահասակ երեխաներին: Եվ գիտեք ինչ, դրա մեջ տեսնում եմ երկու-երեք մակարդակի խնդիր: Առաջինը՝ զուտ ֆիզիկական մակարդակի խնդիրն է: Այս ակցիաները, այս ցույցերն անցնում են փողոցների երթևեկելի մասերով, հաճախ մեքենաների բռնի արգելափակմամբ, տեղաշարժը խանգարելով և այլն: Ես յուրաքանչյուր վայրկյան մտքում նաև աղոթում եմ, որ որևէ մեկի նյարդերը տեղի չտան և ոտքը արգելակի փոխարեն գազին չսեղմի, որովհետև դա, ցավոք սրտի, հնարավոր վիճակ է նման լարվածության մեջ: Ծնողը, որ իր երեխային բերում է դպրոց, իրավունք ունի դասերի ավարտից հետո ստանալ իր երեխային և տանել տուն: Եվ բացարձակ պարտավոր չէ քաղաքով ընկնել և ման գալ, թե երեխան որտեղ է հայտնվել:

Երկրորդ մակարդակը գաղափարական-բարոյական մակարդակն է, որովհետև այս օրերին շատ ենք տեսնում, երբ երեխաներին կանգնեցնում են տեսախցիկի առջև` բեմահարթակին, և մեծ ոգևորությամբ ընդունում, երբ մանկահասակ երեխան փորձում է զուգահեռներ անցկացնել միտինգի այս կամ այն ներկայացուցչի, առաջնորդի և ենթադրենք` Մոնթե միջև, երբ ոչ Մոնթե Մելքոնյանին առանձնապես գիտի, ոչ էլ կարող է լիարժեք գնահատել այդ առաջնորդին: Երբ նա կոչերով դիմում է ոստիկանին` պարբերաբար խաղարկելով «ոստիկան-միլիցիա» և այլ եզրույթներ, որը մի փոքր տարօրինակ է. ինքը դա պետք է իմանա, թե՞ նրան սովորեցրել են: Դա հիշեցնում է մի հին անեկդոտ, երբ մեկի ձեռքերը բռնում են և ասում, դե բալիկ ջան հայհոյիր: Սա պատիվ չի բերում ոչ մեկին: Ես կարծում եմ, որ երեխաների ներգրավվածությունը կարմիր գիծ է և անթույլատրելի: Իրականում խնդիրը, որ բարձրացնում եք, մի քիչ այլ հարթություն ունի, ես հասկանում եմ ենթատեքստը: Ես մտահոգված չեմ նրանով, թե ինչ է պատահելու, երբ բանակ զորակոչվեն մարդիկ, ովքեր, ենթադրենք, մասնակցել են քաղաքացիական անհնազանդության միջոցառումների, որովհետև, կարծում եմ, դա էլ քաղաքացիական դաստիարակության, կրթության մի մասն է: Ուրիշ բան, թե ինչ գին է դրա դիմաց վճարվում: Ես երբեք նկատի չունեմ, որ բանակ պետք է գա չկայացած մարդ և բանակում կայանա: Ես ընդամենն ասում եմ, որ բանակը պետք է նաև միջոց լինի լրացուցիչ հնարավորություններ տալու` կրթության, կոփվելու, ֆիզիկական պատրաստության, ամենատարբեր ուղղություններով: Ես ասում եմ, որ չի կարելի ծածկվել նրանով, որ բանակը հասարակության հայելին է և այն, ինչ կա հասարակությունում, պետք է լինի նաև բանակում: Բանակն ունի հրամանատարներ, բանակն ունի ընթացակարգեր և պետք է մեկ քայլ առաջ լինի, և լինի ոչ թե հայելին, այլ իրոք դպրոցն ու դարբնոցը հասարակության: Ինչ վերաբերում է այդ տարիքի քաղաքացիների հետ մեր շփումներին` ինձ համար կարևորագույն դասերից մեկն այս իրավիճակից այն է, որ մենք բացարձակ բացակայում ենք այդ սերնդի կոմունիակցիոն դաշտից: Այդ տարիքի մեր քաղաքացիները բնական, հասկանալի պատճառներով հեռուստանորություններ չեն նայում, թերթ չեն կարդում, տեղեկատվական կայքէջերն իրենց ամենահաճախվող կայքերը չեն: Հետևաբար` ինչպե՞ս ենք մենք նրանց հետ հաղորդակցվում, առկա՞ ենք իրենց կոմունիկացիաներում, թե ոչ: Իմ գնահատականով` ոչ, և կարծում եմ՝ մի բան, որ պետությունը պետք է սովորի անել, գոնե բանակը հաստատ պետք է սովորի անել, հաշվի առնելով, որ նրանք նաև ապագա զինծառայողներ են, պետք է իրոք հայտնվել այդ կոմունիկացիոն դաշտում: Թե ինչպես, ինչ գործիքակազմով, պետք է հասկանալ, միգուցե նաև ձեր բոլորի աջակցությամբ:

ՀարցՊարոն նախարարերեք հարց ունեմ ՁեզԱռաջինըՁեր արձագանքըորպես Հանրապետական կուսակցությանգործադիր մարմնի անդամ և բարձրաստիճան իշխանավորի՞նչ գնահատական կարող եք տալԵրեկ ձերբակալվել էԱզգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանըցայսօր հայտնի չէ պատգամավորի գտնվելու վայրըբազմաթիվ ենդեպքերըերբ ոստիկանները բռնություն են կիրառումայդ թվումլրագրողների նկատմամբոստիկաններն անգործությանեն մատնվածԻ՞նչ կարող եք ասելԱԺ պատգամավորը ձերբակալվել էանգամ ընտանիքի անդամներըփաստաբանըտեղյակ չենթե որտեղ է նա գտնվումԻնչի՞ մասին է սա վկայումի՞նչ իրավիճակ է իրավական առումով մեր երկրում:

Պատասխան - Առհասարակ, ես կարծում եմ, որ խորհրդարանական ժողովրդավարության համար այնքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ և այդ գործընթացի մեջ, ստիպված ներգրավվում են իրավապահները: Իրականում համարում եմ, որ սա ևս ավանդույթի և ժամանակի հարց է, որպեսզի խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը և փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունը իրարից պետք է սկսի ժամանակի մեջ տարբերակվել: Խորհրդարանական ժողովրդավարության հրաշքը հենց դրա մեջ է, որ այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն և ունի ներկայացված խումբ խորհրդարանում, ունի այլ գործիքակազմ խնդիրները լուծելու, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունը և ստիպված է դուրս գալ փողոց: Այդ առումով կարծում եմ, որ սա հերթական, ևս մեկ փորձաշրջան է մեր ժողովրդավարության կայացման համար: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այն հարցը, որը դուք ուղղեցիք կապված խափանման միջոցի և դրա հետ կապված իրական ձևակերպումների հետ` պարզաբանվի իրավապահ մարմինների հետ: Վստահ եմ, որ Ձեզ չեն մերժի պատասխանելու այդ հարցին ոչ դատախազությունից, ոչ քննչական մարմիններից: Իրականում երեկ պատշաճ տեղեկատվություն տարածվել է, որ պատգամավորների պարագայում կան հստակ ընթացակարգեր՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային, որոնք պետք է հստակորեն հաղթահարվեն, և ես վստահ եմ, որ օրենքի տառը պահպանվելու է: Ինչ վերաբերում է առհասարակ ոստիկանության գործունեությանը, ես հասկանում եմ, որ այն ինչ հիմա կասեմ, կարող է շատ մարդկանց մոտ որոշակի արձագանք առաջացնել, բայց ցանկացած մասսայական հավաքի ժամանակ, ամենատարբեր երկրներում, ոստիկանության գործողությունները, ինչքան էլ արհեստավարժ լինի այդ ոստիկանությունը, ինչքան էլ պատրաստված լինի, ինչքան էլ միջոցներ ունենա, միշտ կարող է ուժի կիրառման համաչափության կամ անհրաժեշտության եզրին գտնվել: Շատ կարևոր է, որ հետագա քննության բոլոր ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն, եթե կա սխալմունք, այդ սխալմունքին, անդրադարձին պահպանվեն, բայց միևնույն ժամանակ նույնչափ կարևոր է, որ ոստիկանության գործունեության նկատմամբ ի սկզբանե չլինի մեղավորության կանխավարկած, որովհետև այդ մարդիկ նաև լրջորեն վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար: Դա կարող է միջոցառման կազմակերպիչներին դուր գալ, կամ դուր չգալ, բայց հավատացնում եմ Ձեզ, որ անգործության հետևանքներն անհամեմատ ավելի ծանր կարող են լինել, քան այն գործողությունները, որոնք ոստիկանությունն ի պաշտոնե պարտավոր է կատարել:

Կարծում եմ պետք է համաչափության մեջ դիտարկել խնդիրը, ուստի հորդորում եմ Ձեզ, եթե ուզում եք համեմատության որոշակի եզրեր անցկացնել, դիտել ամենաքաղաքակիրթ, ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում մասսայական հավաքների արձագանքման վիդեոկադրեր, որոնցից շատ կան համացանցում, սկսած Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, և ուղղակի համեմատեք: Այսինքն` ոչ մի նոր բան Հայաստանի ոստիկանությունը չի հորինել, հայկական ոստիկանությունն օգտագործում է այն նույն գործիքակազմը, որ գոյություն ունի, և, ի պատիվ ոստիկանության, պետք է ասել, որ տարիների ընթացքում նրանք իսկապես կարողացել են իրականացնել այն աշխատանքը, որն անհրաժեշտ է արհեստավարժության մակարդակ ունենալու համար:

Հարց - Պարոն նախարար, ես ընդամենը խնդրում էի Ձեր գնահատականը:

Պատասխան-Դա կուսակցական գործչի գնահատական չէ, իրավապահ մարմիններին տրվելիք հարց է, ես Ձեզ խնդրեցի այդ հարցն ուղղել նրանց:

Հարց - Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեցոր «դասեր չեք քաղել մարտիմեկից», սամեղմ ասածտարբեր կարծիքների պատճառ հանդիսացավ հանրության ներսումԻ՞նչ եք կարծումի՞նչ նկատիուներ վարչապետըի՞նչ նկատի ունեն իշխանություններըՀնարավո՞ր էոր կրկնվի այնինչ տեղի ունեցավ տասը տարիառաջարդյո՞ք բանակը կներգրավվի Երևանում տեղի ունեցող անհնազանդության ալիքը ճնշելու համար:

Պատասխան-Այս հայտարարության հետ կապված ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը շատ մանրամասն պարզաբանում է տվել և կարծում եմ, որ չեք ակնկալում, որ ես այլ պարզաբանում եմ տալու: Ես կարող եմ ընդամենը կրկնել, որ իհարկե՝ ոչ, դա որևէ կերպ որևէ սպառնալիք չի կարող դիտվել, դա դիտվում է որպես նախազգուշացում, որ նման ցանկացած իրադարձություններ կարող են բերել լարվածության և էսկալացիայի, որը բնականաբար որևէ մեկին անհրաժեշտ չէ: Կարծում եմ, որ բուն բանակցությունների փաստը, չնայած բոլոր ձևաչափերին, որոնք ակնհայտորեն միտված էին նրան, որ բանակցությունները չկայանան, սկսած մամուլի առջև դրանց անցկացնելը, Մարիոթ հյուրանոցում անցկացնելը, այնինչ կան համապատասխան պետական կառույցներ, շենքեր և այլն, փաստը, որ հանդիպումը կայացավ, ցույց է տալիս վարչապետի տրամադրվածությունը այդ երկխոսությունը տանելուն: Ինչ վերաբերում է բանակի ներգրավվածությանը, ապա Դուք պետք է վստահ լինեք, և մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ զինված ուժերը կարող են ներգրավվել և ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ: Դա միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում է և շատ հստակ, առանձին գործառույթներ կատարելու համար լրացուցիչ ուժի օգտագործման պարագայում: Այն ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմանները: Իմ, և վստահ եմ, բոլոր մեր հայրենակիցների ակնկալիքն է, որ արտակարգ դրության ռեժիմի կարիքը չկա ո՛չ հիմա և ո՛չ էլ հետագայում: Դրա համար էլ գրվում է օրենսդրությունը, որ ինչ-որ պահի կարող է դրա անհրաժեշտությունն առաջանալ: Դա տարիներ շարունակ պետք չի լինելու մեր երկրին, բայց օրենսդրությունը գրվում է այն ժամանակ, երբ հանգիստ վիճակ է, որպեսզի լարված վիճակում դու ունենաս համապատասխան ընթացք: Երրորդ հարցը տվեք:

Հարց - Պարոն նախարարԴուք նշեցիքոր Սարգսյան-Փաշինյան հանդիպումը կայացավբայց բանակցություններըչկայացանՈրոնք էին պատճառները:

Պատասխան - Կարծում եմ, պատճառն այն է, որ պայմանավորվելու ցանկություն երևի թե չկար: Ի սկզբանե ակնհայտ էր, որ տեսախցիկների առջև լուծում գտնելը շատ ավելի բարդ է, քան վերջնագրեր ներկայացնելը կամ տեսախցիկների առջև միավորներ հավաքելը: Եթե նպատակն իրոք բանակցություններ վարելն էր, իրոք հանգուցալուծում գտնելը, ապա դրա համար այլ ձևաչափ էր պետք ի սկզբանե: Բայց ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանն ինքն ասաց, որ բանակցելու ցանկություն չունի, ինքը եկել է վերջնագիր ներկայացնելու, և կարծում եմ, որ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր, որովհետև ես օրինակ, ինքս, կարծում եմ Դուք նույնպես, և մեր քաղաքացիները պետք է զարմանային, եթե երկրի վարչապետը վերջնագրերով խոսելու ներկայանար: Այդ հանդիպման ողջ գաղափարն այն էր, որ կային բազմաթիվ հարցեր, որոնք պետք էր քննարկել և հասկանալ, թե ինչպես պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից, և որոնք կարող են լինել լուծումները: Ի վերջո, այն ինչ ասում էր պարոն Փաշինյանը, այն ինչ հնչեցրեց նախորդ օրվա իր ելույթում, որ կա արդեն գործողությունների որոշակի ծրագիր. վարչապետը գնում է, խորհրդարանն ընտրում է ժողովրդական վարչապետին, չգիտեմ, թե ում նկատի ուներ, չգիտեմ, թե խորհրդարանը ոնց պետք է ընտրեր այդ վարչապետին, այսինքն Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի մանդատով տրված ազատությունն արդեն այդ պայմանով սահմանափակվում է: Պատգամավորը պարտավոր էր գնալ և քվեարկել նրան, ում պարոն Փաշինյանը կհամարեր ժողովրդական թեկնածու. այդպես չի լինում: Եթե իշխանությունը ձևավորվեր այն սկզբունքով, թե ով ավելի շատ մարդ դուրս կբերի փողոց, երևի քաղաքակիրթ երկրներն իրենց ընտրությունների համակարգը փոխած կլինեին հանրային հավաքների պրակտիկայով, և ով ավելի շատ մարդ կհավաքեր հրապարակում, նա էլ ժողովրդական վարչապետ կնշանակեր: Հետո մեկը մի քիչ ավելի շատ մարդ կհավաքեր մեկ ուրիշ հրապարակում, վարչապետը կփոխվեր: Միգուցե դա էլ ապագա ժողովրդավարության մեթոդներից մեկն է, բայց դա այնքան էլ միանշանակ չէ գոնե ինձ համար:

Ինչ վերաբերում է հետագա գործընթացներին. ենթադրենք` ժողովրդական վարչապետը նշանակվեց` խորհրդարանի կողմից ընտրվելու փոխարեն, այնուհետև նա պետք է ներկայացներ ծրագիր, որը, պարոն Փաշինյանի որոշմամբ, պետք է խորհրդարանը չհաստատեր: Ես կարծում եմ մեկ անձի որոշելու համար դա չափազանց շատ է, մանավանդ, որ ծրագիրը ինձ համար գոնե տեսանելի չի: Լավ, ենթադրենք, չընդունեց ծրագիրը։ Այդ մի քանի ամիսը երկիրը ինչո՞վ է ապրելու, ո՞նց է կազմակերպելու իր ընթացակարգերը բոլոր ոլորտներում, պաշտպանությունից մինչև տնտեսություն: Ի վերջո այն ծրագիրը, որը ժողովրդական վարչապետն ուզում է բերի, միգուցե շատ ավելի անընդունելի է, քան գործող ծրագիրը: Այդ ամենը քննարկելու հարց է, չէ՛:

Հարց-Երեկ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ նաև ապրիլյան պատերազմի մասնակիցԻնչպե՞ս եք դագնահատում:

Պատասխան - Շատ լավ եմ գնահատում նախևառաջ այն, որ առհասարակ մեր բոլոր քաղաքացիներն ուզում են կարծիք արտահայտել, ներգրավված լինել: Ելույթ ունեցողը ապրիլյան պատերազմի մասնակից չէր: Նա մարտական հերթապահություն իրականացնող զորամասում է ծառայել, բայց ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում չի եղել, մարտական գործողությունների չի մասնակցել։ Բայց ի՞նչ տարբերություն: Ենթադրենք մասնակցել է, կամ չի մասնակցել: Նա էլ քաղաքացի է և իր կարծիքն ունի: Կամ, գիտեք, մամուլում, որոշ կայքերում շրջանառվում են լուսանկարներ սահմանից, անանուն նամակ զինվորից ոստիկանին և այլն: Նախ ասեմ, որ միանգամից հերքվում է և, շատ արագ արձագանքելով, այդ կայքերը դրանք հանում են, բայց ո՞րն է դրա իմաստը: Ենթադրենք իրական է, սահմանին ծառայող մի զինվոր էլ համարում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է և սատարում է իրեն, հետո՞ ինչ: Այսինքն` մենք ուզում ենք ունենալ զինված ուժեր, որտեղ բոլորը մի կարծի՞ք ունեն: Յուրաքանչյուր մարդ ունի ի՛ր կարծիքը, բայց իհարկե կան սահմանափակումներ: Սպայական անձնակազմի համար շատ հստակ սահմանափակումներ կան օրենսդրությամբ՝ քաղաքական գործունեությամբ չզբաղվելու: Կա որոշակի սահմանափակում՝ կախված ծառայության ռեժիմի հետ: Հետևաբար չեմ կարծում, որ դրանից պետք է այդքան կառչել, բայց շահարկել էլ չի կարելի, քանի որ եթե շահարկելու լինի, կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար պարզ է, որ ինձ համար կես ժամվա գործ է հազարավոր նամակներ սահմանից ստանալ, որոնք, ասենք, կոչ են անում դադարեցնել ցույցերը Երևանում, քանի որ դա վտանագավոր է առաջնագծի համար: Կամ բազմաթիվ նման այլ ակցիաներ: Եթե մենք այդ խաղն ենք ուզում խաղալ, ցավոք սրտի դա անհամարժեք խաղ է և ես առաջարկում եմ չանել դա, քանի որ զինվորը պետք է զբաղվի իր գործով, սպան պետք է զբաղվի իր գործով: Եվ կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է շատ ավելի մտահոգ լինի, եթե այդ գործիքակազմը օգտագործվի այլ կերպ:

Հարց -ՊՆ կոլեգիան հանդես եկավ հայտարարությամբելնելով ստեղծված իրավիճակիցԵվ դրանից անմիջապես հետոհամացանցում սկսեցին շրջանառվել ամենատարբեր կարծիքներ և տեսակետներԿխնդրեի անդրադառնալ այդհայտարարությանը և այդ համատեքստում նաև վերջին օրերին և այս պահին առաջնագծում տիրող իրավիճակին:

Պատասխան - Առաջնգածում տիրող իրավիճակի վերաբերյալ մենք ասել ենք, եղել է հաղորդագրություն, եղել է տեսանյութ: Հուսով եմ՝ որևէ մեկի մտքով չի անցնում, որ դա կարող է կեղծված լինել: Հուսով եմ՝ յուրաքանչյուրդ հասկանում եք, որ շատ օբյեկտիվ և հասկանալի ձևով, հակառակորդն իրոք յուրաքանչյուր վայրկյան հետևում է մեզ մոտ զարգացող իրադարձություններին: Եվ շատ հասկանալի է, որ առկա մարտահրավերների պայմաններում հակառակորդի՝ իր առջև դրված խնդիրների տեսանկյունից մեր ներքին անկայունությունը ուղիղ ճանապարհ է հարթում նրանց կողմից գործողություններ ձեռնարկելու համար: Եվ ես չեմ կարծում, որ մեր հայտարարությունը այդ առումով նոր, մեծ բացահայտում էր, բայց մենք պարտավոր էինք որպես պետական կառավարման մարմին, հիշեցնել այդ խնդրի մասին: Դա չի կանխում, դա չի փոխում որևէ մեկի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: Դա չի փոխում նաև մեր պարտավորությունը ցանկացած պարագայում, նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակում, շարունակել կատարել մեր պարտքը սահմանի վրա, ապահովել մեր երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը: Դա մեր սահմանադրական պարտքն է, բայց մենք, որպես պետական կառավարման մարմին, չէինք կարող չզգուշացնել հասարակությանը հնարավոր վտանգների մասին, իսկ այդ վտանգները շատ հասկանալի են՝ ռիսկայնության բարձրացում: Ակնհայտ է, որ հակառակորդը հետևում է և եթե տեսնում է, որ դու ներսում ունես գործընթացներ, որոնցով ավելի շատ ես զբաղված, դրսից սահմանի վրա հնարավոր է որևէ բան փորձել: Երկրորդ՝ երբ քեզ մոտ արգելափակված է պետական կառավարման համակարգը, որի փորձը այս ակցիայի կազմակերպիչները բացահայտ հայտարարում են, ապա ակնհայտ է, որ պաշտպանական գործառույթը բարդանում է, իսկ այդ ամենի մեջ, լարվածության պարագայում առաջին գործը պետությունը խաղաղից պատերազմական վիճակի տեսափոխումն է, որը շատ բարդ միջոցառումների ամբողջություն է: Կարելի՞ է դա չնկատել: Մեզ ներքին գործընթացները շատ են անհանգստացնում, քանի որ մենք այս երկրի քաղաքացի ենք, բայց մեր գործառույթը այլ է: Եվ երրորդ՝ ռեսուրսների կառավարման խնդիր կա, այսինքն՝ ենթադրենք ԱԳՆ շենքը արգելափակված է, ի՞նչ եք կարծում, դա պաշտպանունակության գործին նպաստում է, թե՞ խանգարում, հատկապես, եթե լարվածություն կա: Եվ ամենակարևորը՝ պատերազմական վիճակի անցնելու, լարվածության պարագայում գործողությունների մեջ չափազանց կարևոր է զորահավաքային աշխատանքը: Զինկոմիսարիատները պետք է ի վիճակի լինեն քաղաքացիների հետ աշխատել: Ի՞նչ եք կարծում, լարվածության ֆոնին զինկոմիսարիատները կարողանալու՞ են դա անել: ՊՆ կոլեգիայի հայտարարությունը դրա մասին էր: Եվ ես կարծում եմ, որ եթե այս իրավիճակում ՊՆ կոլեգիան լռեր, ապա դա՛ պետք է ահազանգ լիներ: Դա կնշանակեր, որ մենք ինչ-որ բան թերի ենք անում և լիարժեք չենք գնահատում առկա իրավիճակը:

Հարց - Երեկվաըստ էությանտապալված երկխոսությունից հետո տեսնու՞մ եք այն կրկին սկսելու հնարավորություն:

Պատասխան - Միշտ տեսնում եմ և համարում եմ, որ երկխոսությունն ավելի կարևոր է, քան ցանկացած լարվածություն: Ես առհասարակ համարում եմ, որ անթույլատրելի է, որ հայը հայի դեմ դուրս գա որևէ ձևով՝ փողոցում, ոստիկանության միջոցով և այլն: Ես կարծում եմ, որ երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է: Փառք Աստծո՝ այս պահին ոչ մի կարմիր գիծ անցած չէ որևէ կողմից: Ես համարում եմ, որ մենք սթափ և բանական ժողովուրդ ենք և ի վիճակի ենք խնդիրները լուծել բանական, խելացի ձևով: Ավելին, եթե մենք նայենք մեր անկախ Հայաստանի պատմության անցած փորձին, ապա կտեսնենք որ որևէ նման իրադարձություն, որևէ նման լարվածություն անհետևանք չի անցել: Որքան էլ թվա, թե «էլեկտրիկ Երևանը» անցավ անհետևանք, կամ ավելի ծայրահեղական դաշտից` «Սասնա ծռերի» միջադեպը անցավ անհետևանք, կամ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ողբերգական դասերը չսերտվեցին, այդպես չէ: 96-ի` ԱԺ ներխուժումը, հետո` Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը… Դրանք բոլորն իրականում հետևանքներ են թողել: Մի կողմից` սպի էր, ինչը, երևի, անխուսափելի է եղել, բայց մյուս կողմից` ներազդեցություն մեր ժողովրդավարական համակարգի, առաջընթացի վրա: Ի վերջո, այն օրենսդրությունը, որն այսօր ոմանք մտցնում են ոստիկանի աչքը, ձևավորվել է մարտի 1-ից հետո` Եվրոպայի խորհրդի հեր մեր փոխգործակցությամբ, մեր օրենսդրության մեջ բազմաթիվ նոր նորմեր ներառելով, որոնք շատ ավելի առաջադիմական են, քան երբեմն՝ նույն այդ երկրների, որոնց փորձը մենք վերցնում ենք: Որովհետև մենք փորձում ենք ուսումնասիրել ու վերցնել լավագույնը, և արդյունքում մեր օրենսդրությունը դառնում է շատ ավելի խիստ, քան, ասենք, առանձին հարցերում ԵՄ անդամ որոշ երկրների: Այդ առումով ես կարծում եմ, որ այս գործընթացի ամենակարևորն այն դասերն են, որ պետք է քաղենք: Այն երկխոսությունն է, որ պետք է ծավալվի և այն ներազդեցությունն է, որ պետք է ունենա մեր բնականոն կյանքի հետագա փուլերի վրա: Այլ լուծում չկա: Ես առիթ ունեցել եմ ասելու և ևս մեկ անգամ կասեմ, որ իրոք հպարտ եմ նրանով, որ մեր քաղաքական դաշտում հայտնվում են մարդիկ, ովքեր շատ սթափ են նայում և անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, կարողանում են էմոցիաներից վեր կանգնել և ճիշտ ուղղորդել կողմերին որոշումներ գտնելուն: Ես ոչ թե համարում եմ, որ կա երկու ճանապարհ, այլ համարում եմ, որ միևնույն է կա մեկ ճանապարհ՝ պայմանավորվելու: Խնդիրը մեկն է. այդ ճանապարհին մենք քանի՞ սխալ կանենք, իսկ այդ սխալները թույլ չտալու համար մենք պետք է կարողանանք շատ լարված իրավիճակում էմոցիոնալ քայլերից զերծ մնալ, սթափ մտածել: Ամենաահավորը այս իրավիճակի վրա միավորներ հավաքելու ցանկությունն է, և այդ առումով ինձ երեկ հետաքրքրեց հրապարակում միջոցառումը վարող տղաների ձգտումը՝ չթողնել քաղաքական գործիչներին օգտագործել հարթակը: Դա արդեն մի բան արժեր, անկախ նրանից, թե որքանով եմ համամիտ նրանց բարձրացրած հարցերի հետ:

Հարց -Պարոն Փաշինյանը մի քանի օր առաջ ուժային կառույցների ղեկավարներին էր դիմելնաև Ձեզ՝ քայլ անելուժողովրդի կողմն անցնելուԿխնդրեի արտահայտեիք Ձեր դիտարկումը:

Պատասխան - Իմ դիտարկումը շատ պարզ է. դա դեմագոգիա է, շատ պարզ պատճառով, որ եթե ոստիկանության պետը, ԱԱԾ տնօրենը և հատկապես պաշտպանության նախարարը փորձեն այս իրավիճակում դեմոնստրատիվ քայլերով գործել, դա ուղղակի հայրենիքի նկատմամբ, ոչ թե որևէ քաղաքական ուժի, որևէ առաջնորդի, որևէ կուսակցության, այլ հայրենիքի նկատմամբ դավաճանություն է: Ես ունեմ գործառույթ: Նույնիսկ, եթե տեսականորեն կառավարությունը հրաժարական է տալիս, ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները՝ մինչև նոր կառավարության ձևավորումը: Ակնկալել ինձնից, որ ես կարող եմ վայր դնել իմ լիազորությունները այս վիճակում և գնամ զբաղվեմ ուրիշ գործերով և այլն, դա ուղղակի համակարգը չպատկերացնելու արդյունք է: Մենք և՛ ոստիկանության, և՛ ԱԱԾ, և՛ պաշտպանության համակարգում ունենք արհեստավարժ, հետևողական գործելու կարիք և մեր պարտավորությունն է ապահովել դրա իրականացումը: Եվ անկախ նրանից, թե որքան լավը կերևայինք ինչ-որ մեկի աչքերում, եթե քայլ անեինք, ես այնուամենայնիվ հուսով եմ, որ իմ հասարակության գերակշիռ մասի համար ես կերևայի որպես անլուրջ մարդ, որն այս իրավիճակում կարողացավ պաշտպանության նախարարի պաշտոնը թողնել և գնալ հրապարակում ինչ-որ բան լուծել:

Հարց - Պարոն նախարարվերջերս շատ է խոսվում երկխոսության մասինԱկնհայտ է որ կա զանգված և երկխոսությանմասին երբ խոսում եքուզում եմ հասկանալ ի՞նչ փոխզիջումների եք պատրաստ գոնե մեղմելու համար դժգոհությունները։

Պատասխան - Գիտեք, որպեսզի դա երկխոսություն լինի, Ձեր փոխարեն պետք է նստած լինի մարդ, որը ցուցարարներին ղեկավարում է։ Թե չէ դա կլինի մենախոսություն իմ կողմից, եթե հիմա ես սկսեմ պատմել, թե ինչ քայլերի ենք մենք պատրաստ։ Իսկ թե ինչի ենք մենք պատրաստ, որպեսզի հանգուցալուծվեն այն հարցերը, որոնք հնչեցվում են, կարծում եմ առաջիկա օրերին մենք դեռ բազմաթիվ այլ հնարավորություններ դեռ ունենալու ենք, որովհետև կառավարությունը պետք է տանի Ազգային ժողով ծրագիր, կառավարությունը պետք է իր քայլերի հերթականությունը նախանշի, դրանք բոլորը առիթներ են ասելու թե ինչ քայլերի ենք մենք պատրաստ։ Ի վերջո, մենք այս տարիներին տեղի ունեցածի մի մասի մասին խոսեցինք, օրենսդրական, նույն խորհրդարանական համակարգի անցնելու, որը մեր և ընդդիմության երկար տարիների ցանկությունն էր, ձգտումն էր և այլն։ Կան բազմաթիվ այլ բաներ, որ պետք է արվեն և այդ բաների մեջ կա թիմի թարմացում։ Ես կարծում եմ, որ եթե Դուք նայում եք պետական կառավարման համակարգում լավ կրթություն ստացած, լայն աշխարհահայացք ունեցող, ամենատարբեր ուղղություններում ամենատարբեր հարթություններում փորձ ձեռք բերած, բայց երիտասարդ ներկայացուցիչների քանակը անհամեմատ շատ ավելի մեծ է, քան թեկուզ մեզ շրջապատող այլ երկրներում։

Մենք այսօր իրոք ունենք սերնդափոխության խնդիր, բայց արդյո՞ք այդ սերնդափոխությունը ավտոմատ այսպիսի սերնդափոխությամբ պետք է լուծվի, թե՞ քայլը քայլի հետևից։ Ի վերջո, դժգոհություն ասվածն ինքը շատ անգամ բոլոր խնդիրները մեկ փաթեթով ներկայացնելու այսպիսի գործընթաց է։ Հրապարակում կանգնած յուրաքանչյուր մարդ ուզում է հավատալ և վստահ եմ, որ շատ անկեղծ հավատում է, որ այդ փոփոխությունները անմիջապես իր բոլոր խնդիրները լուծելու են։ Թոշակն է բարձրացնելու, աշխատատեղեր է ստեղծելու, կոմունիկացիաներն է հեշտացնելու, հայրենադարձությունն է խթանելու և արտագաղթն է կանգնեցնելու։ Գիտեք, եթե այդ ամենը լուծվող լիներ ընդամենը մեկ-երկու-երեք անձերի փոփոխությամբ, աշխարհը շատ այլ տեսք կունենար այսօր։ Իսկ առհասարակ դժգոհությունների, ոգևորությունների հետ կապված միշտ պետք է հիշել, որ քաղաքականության մեջ ամեն ինչ շատ անցողիկ է։ Քաղաքականության մեջ փլավ, ինչպես ասվում է, ինչպեսև պատերազմում, չի բաժանվում։ Հիշեք բոլորդ, թե ինչպիսի սուլոցներով ենք մենք ճանապարհել, որպես հասարակություն, Կարեն Դեմիրճյանին 1988 թվականին «Ղարաբաղը գրպանումս ա…» արտահայտության համար և ինչ ոգևորությամբ ենք նրան հետո հետ ընդունել և «Ազգային հերոս» ընկալել։ Հիշեք, թե ինչ վարկանիշ ուներ Վազգեն Մանուկյանը, երբ վարչապետ եղած ժամանակ պետք է գնար և ինչպես հասարակությունը ձեռքերի վրա պատրաստ էր նրան հետ բերել ԱԺ շենք 1996 թվականին։ Հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիծը իր հրաժարականի ժամանակ, հիշեք հասարակության վերաբերմունքը Լևոն Տեր-Պետրոսյանին 1995-96 թվականներին և այն ոգևորությունը, որով Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնական թեկնածուն էր ընտրություններից մեկում, մրցակից այն ժամանակվա գործող նախագահին։ Հիշեք, միայն Հայաստանում չէ, նայեք Սահակաշվիլու կերպարը, որն ազգային հեղափոխության հոգևոր հայր էր և հանկարծ իր երկրում «պերսոնա նոն գրատա» դարձավ … ուղղակի, որը չի կարողանում հետ վերադառնալ իր երկիր։ Ժակ Շիրակի պես նախագահին հիշեք, որ Ֆրանսիան միջազգային քարտեզի վրա դարձրեց խոշորագույն դերակատարներից մեկը, վերականգնեց իր տեղը միջազգային հարաբերություններում, հիմա կարծեմ դատական հետաքննության տակ է իր տարիքն առած վիճակում և բազմաթիվ առողջական խնդիրներ ունենալով։ Դրա համար այն քաղաքական գործիչը, որ գալիս է քաղաքականություն, ակնկալելով, որ բոլորը պետք է հիացած նայեն կամ ծափահարեն իրեն, կամ սխալ երկիր է նայում, երկրներ կան, որտեղ այդպես պետք է լինի, կամ էլ քաղաքականությունից որևէ բան չի հասկանում։

Մենք պետք է սթափ նայենք ամեն ինչին։ Սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չէ։ Քաղաքական կատեգորիա է օրենսդրությամբ սահմանված կարգով ձևավորված իշխանությունը և դրանից բխող գործընթացները։ Դրանից բխող գործընթացները պետք է լինեն նույնչափ լեգիտիմ, որքան ընտրությունները։ Եվ իհարկե կարող է լինել դժգոհություն։ Հասարակությունը կարող է չընդունել քաղաքական կուսակցության այս կամ այն որոշումը։ Դա ասելու, դա արտահայտելու բազմաթիվ ձևեր կան։

Հարց - Եթե կարելի է՝ ռազմական թեմային վերադառնանքԵրեկերբ հրապարակվեց սահմանային իրադրության լարման մասին այդ տեսանյութըայնուամենայնիվ, որոշ մարդիկ կարծում էին որ դրանք հին կադրեր են և այլն։ Այնուամենայնիվես կցանկանայի հարցնելնախկուտակումները միայն Արցախի առաջնագծի երկայնքով ենթե՞ ՀՀ սահմանների մոտևարդյո՞ք հակառակորդի տեղաշարժերի մեջ ներգրավված են նաև խորքային բրիգադներըոչ միայն առաջնագծի։ Ուերկրորդ հարցըինչքանով տեղյակ եմարդեն մոտ տասը օր էինչ այդ շարժերը սկսվել են։ Ինչու՞ այդ մասին հայտնեցիներեկ կամ նախորդ օրը։

Պատասխան - Կարծում են, որ Դուք մասնագիտացված լինելով ռազմական լրագրության հարցերում, պետք է շատ սթափ պատկերացնեք մի բան. պատկերացնու՞մ եք ես ոնց կերևամ, որպես պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատարը ինչպես պետք է երևար որպես պաշտպանության բանակի հրամանատար, զորամիավորման ղեկավարը ինչպես կերևար որպես զորամիավորման ղեկավար իր անձնակազմի առջև, եթե փորձեինք հին կադրերը նորի տեղ ցույց տալ։ Չէ՞ որ մենք հանրային կարծիքից բացի ունենք նաև մեր անմիջական հասարակության վստահության և ամրության խնդիրը։ Ով կարող է ենթադրել, որ պաշտպանության նախարարը կարող է մանիպուլյացիա անել իր հասարակության, սպայական անձնակազմի կարծիքը հանրային կարծիքի վրա ներազդելու համար՝ ուղղակի չի պատկերացնում, թե ինչ է բանակը։ Ուղղակի չի պատկերացնում, թե ինչ նուրբ մեխանիզմներ կարելի է խոցել և ինչ վտանգների առջև կարելի է կանգնել այդ ձևով։

Կուտակումները Արցախի առաջնագծում են, կուտակումները իրոք օրերի ընթացքում զարգացել են, ծավալվել են, եղել են տրամաբանության մեջ որոշակի զորավարժությունների, այդ զորավարժությունների ավարտից հետո, ինչպես նաև այդ վարժանքների հաճախակիության ավելացման համատեքստում առաջացրել են մտավախություն։ Փոխշաղկապվելով մեզ մոտ ներսում ընթացող գործընթացներին` մենք պարտավոր էինք իրազեկել հասարակությանը, որ նման իրավիճակ կա։ Եվ դա բացարձակ միտված չի որևէ մեկին վախեցնելու։ Մենք մեր հասարակությանը վախեցնելու ոչ մի ցանկություն չունենք, մեր հասարակությունը պետք է շատ վստահ լինի որ ՀՀ ԶՈՒ-երը և Արցախի պաշտպանության նախարարությունը և ՊԲ-ն լիարժեք մարտունակ են և պատրաստ ցանկացած խնդիր կատարելու ըստ անհրաժեշտության։ Մենք խնդիր ունենք մեր հասարակության հետ ազնիվ լինելու և ներսում բանակի և լայն հանրության հետ առհասարակ։

Հարց-Պարոն նախարարդուք ասացիք երկխոսության դուռը չի փակվելԽնդրում եմ մի փոքր մանրամասնեքում հետ եքպատրաստվում երկխոսելբանակցել… Նիկոլ Փաշինյանը ձերբակալված էիշխանությունները չեն ասումորտեղ է նագտնվումՈւ՞մ հետ եք պատրաստվում երկխոսելի՞նչ օրակարգով եք պատրաստվում երկխոսելև խոսեցիք թիմիփոփոխության մասինխնդրում եմ մի փոքր մանրամասնեք ինչ է պատրաստվում անել կառավարությունըինչփոփոխություններմիգուցե նոր տրամաբանություն եք ցանկանում մտցնել այդ առումով և վերջին հարցըեթե Ձերզավակը որոշեր գնալ և հրապարակում մասնակցեր… Դուք կարգելեի՞ք նրան։ Ինչպե՞ս կարձագանքեիք։

Պատասխան - Ձեր երեք հարցին պատասխանեմ, նախ զավակիս հետ կապված։ եթե նկատել եք, այս բոլոր տարիների ընթացքում իմ հանրային ծառայության, իսկ երկար տարիներ է արդեն, ես միշտ և միտումնավոր փորձել եմ իմ ընտանիքը դուրս պահել իմ հանրային պարտականություններից։ Առանց այդ էլ ցանկացած ընտանիքի համար շատ մեծ բեռ է, երբ իրենց ընտանիքի անդամը հանրային ներգրավվածություն ունի, որովհետև դա բազմաթիվ սահմանափակումներ է դնում անմիջական ընտանիքիդ մթնոլորտի վրա։ Եվ դրա համար ես ճիշտն ասած չէի ցանկանա հանրային եթերում մեկնաբանել, թե ես իմ զավակներին ինչ խորհուրդ կտայի նման ցանկության հանդեպ։ Բայց քանի որ շատ ուղիղ հարց եք տալիս, շատ ուղիղ պատասխանեմ. այո կարգելեի, որովհետև իմ զավակներն անչափահաս են և իրենց ֆիզիկական անվտանգության համար պատասխանատու եմ ես։ Որպես ցանկացած ծնող՝ ես պարտական եմ իմ երեխաներին երկու բան տալ՝ մինչև չափահաս դառնալը իրենց ֆիզիկական անվտանգությունը և կրթության հնարավորություն։ Մնացած ամեն ինչն իրենք պետք է անեն և իրենց ընտրությունն է, իրենց ազատությունն է որոշումներ կայացնելը։ Սա այսպես շատ նեղ անձնական հարցին պատասխան։

Երկրորդը` ինչ վերաբերում է երկխոսությանը, ես չեմ կարծում, որ երկխոսությունը սկսվում կամ ավարտվում է առանձին միջադեպերով և դրանց արդյունքում ձևավորված իրականությամբ։ Շատ լավ ճանաչելով հանրապետության վարչապետին երկար տարիներ՝ վստահ եմ, որ որևէ մեկը կասկած չունի հասարակությունում, որ եթե նույնիսկ որպես մարդ, ում հետ ինքը սկզբունքորեն համաձայն չի, առաջարկում է երկխոսել, ինքը պատրաստ է նստել և լսել։ Լսել ժամերով, լսել երկար, հայտնել կարծիքներ, բայց նաև ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Դրա համար ում հետ երկխոսել հարցը, ամենահեշտն է այս ամենի մեջ։ Մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը մենակ չի, ինչպես իրենց կարգախոսում է ասվում, կան բազմաթիվ մարդիկ, ով այդ գաղափարախոսության կրողներն են, այդ թվում նաև խորհրդարանական ֆրակցիայի պատգամավորներ, որոնք կարող են նստել և ասել, թե իրենց տվյալ դեպքում ինչն է ավելի անհանգստացնում։ Կարծում եմ, կարևոր է դա անել, որովհետև առանց այդ խոսակցության, առանց այդ մտքերի փոխանակման մենք գալու ենք փակուղու, իսկ դա մեր շահերից չի կարող բխել։ Հետևաբար` մենք պետք է մի քիչ ավելի խոհեմ բոլորս գտնվենք և անենք քայլեր, որոնք չեն վնասում մեր իսկ անվտանգությունը, մեր իսկ առաջընթացի հնարավորությունները։

Ուզում եմ նաև առիթը օգտագործելով մեր լրատվամիջոցներին խնդրել, դիմել` բանակի թեմայով ֆեյք նորություններ չտարածել և հիմա և առհասարակ։ Դուք շատ նուրբ խնդրի հետ գործ ունեք, գործ ունեք տասնյակ հազարավոր ընտանիքների հետ, ում զավակներն առաջնագծում են, դուք գործ ունեք հասարակության հետ, որը յուրաքանչյուր պահի պատրաստ պետք է լինի արձագանքել մարտական վտանգին և ամբողջական կայքեր պահել, որոնցում իրականությանը համապատասխանող մեկ լուր չկա, պահել կայքեր, որոնք կարող են իրենց թույլ տալ բանակից չհարցնելով բանակին վերաբերվող մեծ վերլուծություններ տպագրել, որոնք հերքման պարագայում չեն էլ նեղվում անգամ, որ իրենց գրածը ամբողջությամբ սուտ է։ Ինձ համար դա իրականում անհասկանալի է։ Անկախ նրանից, ես կլինեմ պաշտպանության նախարար, կլինի այլ համակարգ մեր երկրում… և այլն, հետ կանցնենք նախագահականի… լիարժեք խորհրդարանական համակարգը ուժի մեջ կմտնի… անկախ ամենից` բանակին պետք է վերաբերվել մի քիչ այլ կերպ։ Ի դեպ ուզում եմ սա սխալ չհասկացվի հանկարծ։ Նույնիսկ ամենամիակողմանի քննադատողներին, ովքեր չեն հարցնում մեզ պաշտոնական պարզաբանում, ովքեր ուղղակի սուտ լուրեր են տպագրում անընդհատ, նույնիսկ իրենցից ես շնորհակալ եմ։ Որովհետև ես, որպես կառույցի ղեկավար, այդ ամեն լուրի հետևից գնալով կարողանում եմ կամ համոզվել, որ համակարգում այդ հարցերը լուծված են, կամ տեսնել այն ոլորտները, որտեղ իսկ կարող էր նման խնդիր իրականում լինել։ Հետևաբար` ամենասուր քննադատներից իմ, որպես կառույցի ղեկավար, ինձ իրենք օգուտ են տալիս, վնաս չեն տալիս։ Եվ ես նաև չեմ բացառում, որ այս հետևող կառույց,ը որը պարտավոր չի շատ խորը վերլուծություն անի, ինքը ուղղակի պիտի ազդանշան տվողի դերում լինի, որ խնդիր կա, ես իրանց դերը լիովին տեսնում ու հասկանում եմ հանրային կառավարման տեսակետից։ Բայց հասարակական առումով, որպես կառույց բանակը հանրային կապերի տեսանկյունից օգուտ չի, վնաս է ակնհայտորեն։ Ծնողի մոտ օբյեկտիվ, սուբյեկտիվ վախեր է ձևավորում, բանակի մասին թյուր կարծիքներ է ձևավորում, ստեղծում է լարվածություն կոնկրետ, երբեմն նշելով զորամաս ու դեպք, որ էստեղ չի եղել, սա շատ վնասակար գործունեություն է։ Հետևաբար, ես իրոք բոլորին ուզում եմ մաղթել խաղաղ երկինք, կայունություն, մեր մտքերին խաղաղություն, և շատ ուզում եմ, որ այս իրավիճակից հաղթող դուրս գա Հայաստանի քաղաքացին, մեր հասարակությունը, մեր երկիրը, և ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է։

Պետք է ուղակի խուսափել հնարավոր սադրանքներից, հնարավոր վտանգներից, և երբեք պետք չի մտածել, որ ենթադրենք պաշտպանության նախարարության կոլեգիայի կամ ԱԱԾ-ի ասածը պետք է մոտիվացված լինի իշխանությունը պահելու, պահպանելու խնդիրներով։ Մեր գործն է ապահովել անվտանգությունը, ԱԱԾ-ի գործն է երաշխավորել, որ այս միջավայրում, որը համաձայնենք, որ վտանգավոր միջավայր է` ամբոխ է, երթևեկությունը խաթարված է, բազմաթիվ վայրեր կան, որտեղ մեծ կուտակումներ է մարդկանց։ Մանր խուլիգանությունից մինչև կազմակերպված հանցավորություն, մինչև ահաբեկչություն և մինչև թշնամու գործակալական ծառայություններ` բոլորի համար պարարտ հող է։ Եթե մեր հասարակությունը ակնկալում է, որ այդ վիճակում պետք ձեռքներներս ծալած նստենք, դա անթույլատրելի է և չի լինելու։ Մնացածն արդեն հասարակության գնահատանքի հարց է, թե որ աստիճան մենք դա կանենք արհեստավարժ կամ որտեղ ենք մենք անցնում գիծը և անում բաներ, որոնք այդքան էլ անհրաժեշտ չէին, բայց արել ենք այլ բաներից ելնելով։

Հարց - Պարոն նախարարթիմի հնարավոր փոփոխության հետ կապված դուք խոսեցիք

Պատասխան - Ես խոսեցի նրա մասին, որ մենք շատ բաց ենք և որ մենք այս տարիների մեջ եթե նայեք թիմը, եթե դնենք, ենթադրենք, 2008 թվականի կառավարությունը և 2018 թվականի կառավարությունը՝ տարիքային ցենզով, կրթական ցենզով, լեզուների իմացության, մասնավոր սեկտորում հաջողությունների, փորձերի և այլն, դուք կտեսնեք այն դինամիկան, որը այս տարիների ընթացքում եղել է, և կարծում եմ, որ դա պետք է շարունակական լինի և վստահ եմ, որ այս իրադարձությունները, նաև այս ընդվզումը մեր հասարակության մի հատվածի, բերելու է նրան, որ թիմը շարունակի բարելավվել ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ պետական կառավարման համակարգում, դա մշտական գործընթաց է, և ասեմ, որ երկրի վարչապետը այդ գործընթացի անմիջական կրողն է։ Եթե ուրիշ ոչ մի բան չասեմ, նա, որ ոչ պետական միջոցներից, բյուջեի վրա բեռ չստեղծելով, կարողացավ ձևավորել հիմնադրամ, որը հարյուրավոր մեր քաղաքացիներին հնարավորություն տվեց տասը լավագույն բուհերում կրթություն ստանալ անվճար, դա արդեն պատասխանն է ձեր հարցի, հասկանում ե՞ք, այսինքն անգամ հարյուրներ է ավելացել թիվը։ Երբ որ մենք սկսում էինք «Լույս» հիմնադրամը, աշխարհի 20 լավագույն բուհերում 8 հոգի էր սովորում Հայաստանի քաղաքացի։ Այս պահին ամեն տարի աշխարհի արդեն 10 լավագույն բուհ, որովհետև մենք նշաձողը բարձրացրեցինք, ընդունվում է հարյուրից ավել քաղաքացի։ Այս պահին 570 հոգի այդ ծրագրով կարողացել է ստանալ մրցակցային կրթություն, ընդ որում` ամենաազատական պայմաններով։ Ոչ պարտադրել ենք հետագա աշխատանքի վայր, ոչ պարտադրել ենք վերադարձ, ոչ պարտադրել ենք որևէ պայման։ Լրիվ ազատ այդ մարդիկ հնարավորություն են ստացել մրցակցային լավ կրթություն ստանալ։ Ճիշտ է, հետո 570 շրջանավարտներից 60-ը ստացվում է որոշել են քարոզ կարդալ և խրատ կարդալ վարչապետի գլխին, բայց դա էլ երևի բնական է, լավ կրթություն են ստացել, իրավունք են իրենց վերապահում, այդպես լինում է։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև այդ նույն 60 հոգու հետ մոտավորապես, հանդիպել եմ «Սասնա ծռերի» դեպքի ժամանակ, երբ իրանք փորձում էին դա արդարացնել և ես ուղղակի, որպես խորհրդի անդամ գնացի հետները հանդիպելու ու չհասկացա իրենք ինչ են ուզում։

Հարց - Դուք կարծում եք դա քարոզ է՞ր։

Պատասխան - Ես կարծում եմ, դա շատ տգեղ խրատ էր, որովհետև «Լույս» հիմնադրամի շրջանավարտները երբեք առիթ չունեն վարչապետի հետ չհանդիպելու։ Ցանկացած մեկ զանգ բավարար էր, որպիսի վարչապետը 60 շրջանավարտ միաժամանակ ընդուներ ու հետները շատ մանրամասն իրենց մտահոգությունների մասին խոսեր։ Բայց նրանք, հատկապես նրանց մեջ ոմանք, ովքեր նույնիսկ Հայաստանում չեն, որոշել են անպայման հեռվից-հեռու սովորեցնել վարչապետին, թե ինքն ինչ պետք է անի, որպեսզի երկիրը ավելի լավ կառավարի: Այնինչ իրենք ունենալով այդ կրթություն, իրականում այս երկրի կայացման համար որևէ բան չեն արել։ Օրինակ, պետական կառավարման համակարգում շատ քչերն են էտ 60-ից աշխատում, թեև բոլոր հնարավորություններն ունեին։ Բայց իրենք ուզում են լավ կրթությունից հետո լավ մրցակցային աշխատավարձ, աճի պայմաններ, շատ նորմալ է, բնական է, բայց այդ դեպքում խորհուրդ տալու ձևերն էլ կա։ Գիտեք, ես ինքս էլ եմ, չէ՞, սովորել արտերկրում, ամենատարբեր տեղերում՝ և Ռուսաստանում, և Միացյալ Նահանգներում։ Ես միջավայրը շատ լավ պատկերացնում եմ։ Այդ մարդիկ տեսել են որ, ասենք, Հարվարդում կամ Իելում ընդունված է դասախոսին համբուրգեր ծամելով հարց տալ, ոտքերը սեղանին դրած, ու դա բնականոն է։ Բայց իրենք մի բան չգիտեն, որ հետո ավարտում են բուհը, իրենց այդ դասընկերները գնում են լրիվ նոր քաղաքակրթության մեջ են սկսում ապրել և կտրուկ փոխում են իրենց սոցիալական վարքագիծը, իրենք քանի որ ավարտելուց հետո միանգամից հետ են գալիս, մի քիչ չեն պատկերացնում, որ վերջակետ դնելու պահ կա ու որ բարձր կրթությամբ մարդը լարված իրավիճակում ուրիշ բան պիտի անի։ Նայեք և դա, և այդ կոչումներ հետ տալը։ Ես մեծ հարգանքով եմ նայում մեր բոլոր և աստղերին, և դերասաններին, և ռեժիսորներին, որոնք որոշումներ են կայացնում։ Բայց իրենց արածն ու իրենց ասածը՝ ադքան էլ իրար չի բռնում, որովհետև եթե իրենց իրական մտահոգությունը հանդարտությունն է ու խաղաղ հանգուցալուծումը վիճակի, ապա կողմ վերցնելը և ցուցադրական քայլեր անելը, այդքան էլ դրան չի նպաստում։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, որը անպայման քննադատվելու է, բայց անպայման պետք է ասեմ։ Դա մի մասի համար PR է, երկրորդ մասի համար վախ է ընթացող գնացքից ուշանալու, երրորդ խմբի համար էլ անորոշության մեջ ինչ-որ բան ցույց տալու միջոց է։ Գիտեք, ես շատ երկար եմ զբաղվել կոչումներով, մեդալներով, պարգևներով։ Ես շատ լավ գիտեմ, թե մարդիկ, ովքեր երբեմն ցուցադրական վերադարձնում են, մինչ այդ ինչքան ջանք են դնում դրանք ստանալու համար և ոչ միայն բեմում։ Դրա համար ես ուղղակի խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ մի քիչ ավելի հանգիստ ամեն ինչին վերաբերվել։ Մեդալ հետ տալու ժամանակ էլ է լինելու, վերջնական դիրքորոշումներ ունենալու ժամանակն էլ է լինելու, բայց կրակի վրա յուղ լցնել պետք չի։ Ժողովրդի հետ լինել կարելի է տարբեր ձև։ Հրապարակում լինել կարելի է տարբեր ձև։ Քո կոչը ու քո գործը պետք ա իրար բռնի։

Հարց – Ո՞րն է հանգուլացման հստակ ճանապարհային քարտեզըԻշխանությունն ու՞նի այդպիսինթե՞ ոչ:

Պատասխան - Դժվար է ունենալ նախապես գծված քարտեզ, երբ քո համար խնդիրը հնչեցնողի մոտիվացիան և վերջնագիծը ամբողջությամբ հասկանալի չի։ Ես, իհարկե, չեմ կարող ամբողջական պատկեր ունենալ, որովհետև ամբողջական պատկերը կարող է լինել միայն այն մարդու մտքում, ով նախաձեռնել է սա, բայց ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի հանգուցալուծման տարբեր հնարավորություններ, եղանակներ: Նա որ ինքը ի ցույց է դնում միայն մեկը, չի նշանակում, որ միայն այդ մեկը նկատի ունի իր մտքում։ Կարծում եմ կարևորը, որ նա կարողանա ազդակներ ուղարկել, երևացող բայց ավելի ցանկալի է` չերևացող, և բացատրի թե իր ակնկալիքն այս իրավիճակի հանգուցալուծման որն է։ Ես սկզբում ասեցի, որ չեմ կարծում, որ հրապարակով պետք է ձևավորվի իշխանություն։ Ես չեմ կարծում, որ եթե հրապարակով իշխանություն ձևավորվեր, դա կլիներ ժողովրդի կարիքներին անմիջապես պատասխանող և բոլոր դարդերին դարման անող իշխանություն, որովհետև ծրագիր է պետք, որովհետև կոնկրետ գործողություններ են պետք։ Եթե Նիկոլ Փաշինյանը տեսնում է քայլեր, որոնք պետք է անել, որպեսզի արագանա մեր առաջընթացը, իհարկե մենք պատրաստ ենք քննարկել։ Եթե կան կոնկրետ ոլորտներ, ավելի լավ լուծումներ կարող ենք գտնել, իհարկե պատրաստ ենք դրանք քննարկելու։ Բայց եթե խնդիրն այն է, որ կամ իշխանությունը պետք է տաք ինձ, կամ ժողովրդական վարչապետին, չգիտեմ` միգուցե ուրիշ թեկնածու, կամ ոչ մի բան չի ստացվելու, կամ չի օգնելու մեզ։

  • Տարածել