ՀԱՂԹԵՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

10 Հոկրեմբերի, 2013
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց «Համագործակցության մարտիկ» («Воин содружества») հինգերորդ միջազգային մրցույթը: Մասնակցում էին ԱՊՀ երկրների` Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

ՀՀ զինված ուժերի թիմը ներկայացնում էին Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ռազմական ուսումնարանի կուրսանտներ Արթուր, Սահակ և Դավիթ Հովհաննիսյաններն ու ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամբիոնի տեխնիկ-օպերատոր, ենթասպա Տաթեւիկ Ներսիսյանը, խմբի ղեկավարն էր Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ֆիզիկական պատրաստության եւ սպորտի ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանը:

Մասնակիցները ուժերը չափեցին հինգ անվանակարգերում` «Մարզիկ», «Պրոֆեսիոնալ», «Դիպուկահար», «Էրուդիտ» եւ «Կավալեր»: «Մարզիկ» մրցման ընթացքում զինծառայողները պետք է ցուցադրեին արագ գործելու ունակություն, ճկունություն, ուժ եւ տոկունություն: Այս անվանակարգում Արթուր Հովհաննիսյանը, որն, ի դեպ, երկրորդ անգամ էր մասնակցում մրցույթին եւ նախորդ տարի «Դիպուկահար» անվանակարգում առաջին տեղն էր զբաղեցրել, չզիջեց մրցակիցներին: Նա հաղթահարեց 100 մետրանոց վազքուղին, ջրային արգելագոտին, կատարեց ուղտանման մարզասարքով վարժությունը, հետեւակային բահերը նետելով խոցեց թիրախները, առանց դժվարանալու սողեսող անցավ փշալարերի տակով, վազեց 1000 մ, դիպուկ կրակով խոցեց երեք թիրախները եւ զբաղեցրեց առաջին տեղը:

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում խորհրդային զինվորների կատարած սխրանքների մասին պատմությունների, ինչպես նաեւ պատմական այլ անցքերի իմացությամբ «Էրուդիտ» անվանակարգում փայլեց Սահակ Հովհաննիսյանը: Նա հնարավոր 44 միավորից վաստակեց 43-ը եւ զբաղեցրեց երկրորդ տեղը: Դավիթ Հովհաննիսյանն էլ «Կավալեր» մշակութային մրցման ընթացքում հուզեց մասնակիցներին եւ հանդիսատեսին` արտասանելով Պարույր Սեւակի «Ուզում եմ» բանաստեղծությունը: Նա զբաղեցրեց երրորդ տեղը:

Թիմակիցները Տաթեւիկ Ներսիսյանից ակնկալում էին հաղթանակ գեղեցկության մրցույթում. աղջիկները նախապես այցելել էին Վյաչեսլավ Զայցեւի նորաձեւության սրահ եւ վարպետից խորհուրդներ լսել, նաեւ` հագուստներ ստացել մրցույթին ներկայանալու համար: Սակայն Տաթեւիկը հանդիսատեսին հիացրեց այլ բնագավառում. 150 հնարավոր միավորից վաստակելով 100-ը՝ հրաձգությունից զբաղեցրեց երրորդ տեղը: Սա էլ այն դեպքում, որ երկրորդ անգամ էր ձեռքը զենք վերցնում (առաջին անգամ կրակել էր մրցումների նախօրեին կազմակերպված ուսումնամարզական հավաքի ժամանակ):

Հայաստանը ընդհանուր թիմային հաշվարկում երրորդն էր: Մասնակիցների պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մշակույթի կենտրոնում: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի անունից մասնակիցներին շնորհավորեց նախարարի տեղակալ, բանակի գեներալ Նիկոլայ Պանկովը: Զինծառայողներին իր կատարումներով ողջունեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հռչակավոր երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

«Հաղթեց բարեկամությունը, սա ամենակարեւորն է,- ասաց մեր խմբի ղեկավար փոխգնդապետ Ա.Հովհաննիսյանը:- Այդ օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու, ընկերանալու մյուս երկրների զինծառայողների հետ, հետաքրքրվելու նրանց ծառայության պայմաններով: Նրանք արդեն հասցրել են ընկերանալ սոցիալական կայքերում: Ես կուզենայի, որ նման միջոցառում կազմակերպվեր նաեւ մեր զինված ուժերում` երեք փուլով` զորամասի, զորամիավորման եւ համաբանակային մակարդակներով: Հաղթողներին էլ հնարավորություն տրվեր մասնակցելու արտերկրում կազմակերպվող մրցմանը»:

 

  • Տարածել