Թիվ 35 դպրոցում բացվել է Արմենակ Ուրֆանյանի անունը կրող հրաձգարան

3 Ապրիլի, 2018 17:51
Ապրիլի 3-ին Երևանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում բացվել է 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված վաշտի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող հրաձգարանը:

Կրթօջախի նախկին սան, հերոս զինվորականի անվան հրաձգարանի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր:

Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրել են կապիտան Արմենակ Ուրֆանյանի անցած հերոսական մարտական ուղին: Հրաձգարանի բացման պատիվը վերապահվել է հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին:

Ներկաները ծանոթացել են նորաբաց հրաձգարանի պայմաններին ու հնարավորություններին: Դիմելով ներկաներին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը վստահություն է հայտնել, որ ռազմագիտության դասաժամերին հերոսի անունը կրող հրաձգարանում կրթօջախի սաները սովորելու են պաշտպանել ամենաթանկը` Հայրենիքը:

  • Տարածել