Ազատամարտիկներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

26 Փետրվարի, 2018
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի խումբ ազատամարտիկներ այցելել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, մասնակցել Արցախյան շարժման 30-րդ և ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձերին նվիրված միջոցառմանը:

Միջոցառման մեկնարկից առաջ ազատամարտիկները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ միասին Հաղարծինի վանական համալիրում մասնակցել են Սուրբ պատարագին:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսության ընթացքում ազատամարտիկներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրի հիմնական ուղղությունները, զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների ընթացքը, անդրադարձել «Ազգ-բանակ» գաղափարի ռազմավարությանը, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, դրանց նպատակներին ու ակնկալվող արդյունքներին: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ 2018 թվականին ևս, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակում, պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Նոր ծրագրեր կիրականացվեն հատկապես սոցիալական, կրթական, ռազմարդյունաբերության ոլորտներում:

Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը գերատեսչական պարգևներ է հանձնել մի շարք ազատամարտիկների:

  • Տարածել