ԲԱԺԻՆՆԵՐ
Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության միջև 2018թ. երկկողմ համագործակցության ծրագիրը
տարածել
հավանել
0
8 Փետրվարի 2018
Փետրվարի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները, քննարկվել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցությանն առնչվող հարցեր:

Լևոն Այվազյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի օժանդակությամբ ՀՀ զինված ուժերում Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի կողմից ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքները:

Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարն արձանագրել է երկկողմ համագործակցության ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ այն կրելու է շարունակական բնույթ:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2018թ. երկկողմ համագործակցության ծրագիրը:

Հետևեք մեր լրահոսին նաև սոցցանցերում`
Նորություններ