Շարունակվել են զինված ուժերի արդիականացման ծրագրի նախագծի քննարկումները

5 Հունվարի, 2018 19:08
Հունվարի 5-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, որոնց մասնակցել են ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի, օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչներ և փորձագետներ։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համառոտ ներկայացրել է  զինված ուժերի արդիանակացման ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Նախարարն ընդգծել է, որ առկա տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացը,  նոր զինատեսակների ձեռքբերումն ու  ներդրումը  էապես փոխել են մարտի վարման ձևերը՝ այն դարձնելով առավել սրընթաց և կարճատև: Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ուժերի հարաբերակցության պահպանման անհրաժեշտությունը՝ յոթնամյա ծրագիրը մշակելիս կանխատեսվել են գործողությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-ՌԱՊԿ նախագահ Դավիթ Փախչանյանը։

Քննարկումների մասնակիցները, կարևորելով զինված ուժերի արդիականացման հիմնարար փաստաթղթի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները:

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ընթացքում  ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել  բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը:

  • Տարածել