ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

20 Դեկտեմբերի, 2017 20:26
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2017 թվականին սահմանամերձ համայնքներում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, մատնանշել 2018 թվականի աշխատանքային գերակա  ուղղություններն ու ծրագրերը։

Զեկուցվել է, որ անցնող տարում գործուն քայլեր են ձեռնարկվել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, գործարար միջավայրի ձևավորման, շրջկենտրոնների և սահմանամերձ համայնքների միջև առկա զարգացման անհամամասնության հնարավորինս կրճատման, առկա սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես 2017-ին, այնպես էլ հաջորդ տարի հանձնաժողովի համար առաջնային կարևորության հարցը սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովումն է։ Վիգեն Սարգսյանը կարևորել է նաև սոցիալական հաջողված նախաձեռնություններին զուգահեռ ներդրումային կոնկրետ ծրագրերի ապահովումն ու սահմանամերձ համայնքներում նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը։

  • Տարածել