ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ
տարածել
հավանել
0
14 Նոյեմբերի 2017
Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։

Աշխարհի լավագույն համալսարանների շարքին դասվող կրթօջախի Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի բանակաշինության և այս փուլում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա ներդրումը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային այլ խնդիրների։ Դասախոսության ավարտին ներկաները հարցեր են ուղղել նախարար Սարգսյանին։

Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։

Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում, որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նախարարը մանրամասն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի առավելություններին և ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է հայկական բանակի սպառազինմանը, մարտական դիրքերում ընթացող ինժեներական և տեխիկական հագեցման աշխատանքներին, ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերին, սահմանային իրադրությանը, ապրիլյան պատերազմից հետո արված հետևություններին, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին ու կարգավորման հեռանկարներին վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։

Նոյեմբերի 13-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում։ Հայկական կազմակերպությունների ղեկավարների, համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը, համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջև հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ Պաշտպանության նախարարը, մասնավորապես, խոսել է բանակի մարտունակության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմարդյունաբերության զարգացման, ռազմակրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների, գիտելիքահենք բանակի ձևավորման անհրաժեշտության և մի շարք այլ խնդիրների մասին։ Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները՝ խելացի սպառազինման համատեքստում, զինված ուժերում իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերը, ներկաներին պատմել նոր, գերժամանակակից զինվորական հոսպիտալի ստեղծման հեռանկարների և շաբաթներ անց բացվող «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի» մասին։ Պաշտպանության նախարարն իր ելույթում խոսել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` Դիլիջան տեղափոխության մասին, վստահեցնելով, որ ռազմակրթական այդ հաստատությունը վերածվում է Հայաստանի լավագույն ավագ դպրոցի, ինչն առաջին քայլն է՝ ռազմակրթության ողջ համակարգը կտրուկ արդիականացնելու ճանապարհին։

Ելույթի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ ավարտվել է։ Պատվիրակությունը մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:

Հետևեք մեր լրահոսին նաև սոցցանցերում`
Նորություններ