Հայաստանի տարածքում շարունակվում է «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը

10 Հոկտեմբերի, 2017 16:20
ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ՕԱՀՈՒ) համակազմերի և ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (Զ(ու)ՄԽ) ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը:

Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի` 2016թ. հաստատած պլանի համաձայն` հավաքական սկզբունքով ՀԱՊԿ անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կիրառման հարցերի մշակմամբ:

Հոկտեմբերի 10-ին ՕԱՀՈՒ և Զ(ու)ՄԽ հրամանատարները որոշումներ են ընդունել ենթակա զորքերի (ուժերի) կիրառման վերաբերյալ և ձեռնամուխ եղել պլանային փաստաթղթերի մշակմանը:

Զորավաժությանը մասնակցող ՕԱՀՈՒ և Զ(ու)ՄԽ ստորաբաժանումները նախապատրաստվել են պետական սահմանի պաշտպանության, հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների, զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերման չեզոքացման և ոչնչացման, պատանդների ազատման ուսումնա-մարտական խնդիրների իրականացմանը:

«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Զորավարժությանը մարդասիրական առաքելությամբ մասնակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:

  • Տարածել