ՀՀ պաշտպանության նախարարը հանձնել է մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և ազատամարտիկների պարգևները
29 Սեպտեմբերի, 2017 19:44Սեպտեմբերի 29-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպված միջոցառման ընթացքում մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և ազատամարտիկների պետական բարձր պարգևները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է. «Ամեն անգամ անկախության հերթական տարեդարձի առթիվ միմյանց շնորհավորելուց և տոնական համազգեստ հագնելուց առաջ յուրաքանչյուրս պետք է մտովի մեր խղճի առջև հանրագումարի բերենք Հայաստանի Հանրապետության պատմության ևս մեկ տարվա ընթացքում բանակի հզորացման համար մեր արածն ու չարածը, վերլուծենք և հասկանանք, թե անկախության ևս մեկ տարին որակական ինչպիսի նոր հատկանիշներ գումարեց մեր բանակին, և եթե այս կամ այն հարցում չթերանայինք, այլ առավել ստեղծագործաբար և եռանդով աշխատեինք, ուրիշ ինչ կարող էինք անել զինված ուժերի համար։ Եվ այդ ամենից պիտի անհրաժեշտ հետևություններ կատարենք: Կարծում եմ, դա է բոլորիս ճանապարհը, և հենց այս գիտակցությամբ և նշանաբանով պիտի սկսվի բանակի յուրաքանչյուր օրը»: