Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները քննարկել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունները

19 Սեպտեմբերի, 2017 20:40
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացել է «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության չորրորդ նիստը:

«Ռազմարդյունաբերական համալիր. արդիականացման, համագործակցության և տնտեսական առաջընթացի խթանում» խորագրով նիստի բանախոսներն անդրադարձել են հայկական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորություններին, մասնավորապես՝ գիտահետազոտական և տեխնոլոգիական ոլորտում առաջխաղացման հեռանկարային ծրագրերին և գաղափարներին, Հայաստանում և միջազգային ասպարեզում առկա ներուժի և ռեսուրսների նպատակային օգտագործման հիմնական խնդիրներին:

Քննարկմանը ելույթներ են ունեցել շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների, Հայաստանում և արտերկրում գործող գիտահետազոտական և վերլուծական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր զեկույցներ և առաջարկներ են ներկայացրել՝ կապված պաշտպանական ոլորտում նոր ներդրումների, Հայաստանի և սփյուռքի տեխնոլոգիական ներուժի ներգրավման և օգտագործման, գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև ՀՀ ռազմարդյունաբերության արտահանման ներուժի զարգացման հետ:

  • Տարածել