ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված տոնական համերգի ժամանակ (տեսանյութ, լուսանկարներ)

26 Օգոստոսի, 2017 14:21
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումների շրջանակներում օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված տոնական համերգի ժամանակ
Play

Ես ուրախ եմ, որ այս բարձր տրամադրությամբ, այս մեծ ոգևորությամբ, Ձեր ընտրած մասնագիտությամբ ստանալով առաջին սպայական կոչումները, դուք ուղևորվում եք դեպի զինված ուժեր, դեպի փառապանծ բանակ, որը մի ամբողջ երկրի, մի ամբողջ ժողովրդի հենարանն է ու պահապանը:

Այսօր ես շատ լսեցի «շնորհակալություն» խոսքը: Իրականում խորապես վստահ եմ, որ ոչ թե դուք պետք է մեզ շնորհակալ լինեք, այլ մենք բոլորս, մեր ողջ ազգը անկեղծ շնորհակալ է ձեզ՝ ձեր հայրենասիրության, ձեր նվիրվածության, ձեր հետևողականության, ձեր նվիրումի համար: Մենք շնորհակալ ենք ձեր ընտանիքներին, որոնք ձեզ հետ միասին թե՛ ձեր կուրսանտության տարիներին, և թե՛ առաջիկա ծառայության տարիներին կիսելու են այն բեռը, որը սպան, բացի իր ուսադիրներից, կրում է իր ուսերի վրա:

Ես ձեզ մաղթում եմ նամուսով ու թասիբով ծառայություն: Խաղաղ ու անվտանգ ծառայություն ձեզ միշտ կմաղթեն և դա, իրոք, կարևոր է: Բայց սպայի համար առաջին հերթին կարևոր է, որ հաղթանակն ու հպարտությունն անբաժան լինեն իրենից: Ես ձեզ մաղթում եմ այդպիսի ծառայություն, որն ամեն օր ձեզ կոգևորի նոր հաղթանակների և նոր սխրանքների:

Ուզում եմ մի կարևոր բան ձեզ ասել և շատ անկեղծ. սպա դառնալու երևի թե ամենակարևոր գիտակցությունն այն է, որ դուք պետք է հստակ պատկերացնեք, որ այսօրվանից մեր պետությունը նաև դո՛ւք եք և միգուցե առաջին հերթին հենց դո՛ւք եք: Ձեր ամե՛ն քայլը, ձեր ամե՛ն խոսքը, ձեր վարքագիծն անմիջապես արտացոլվում է ողջ պետության և պետականության ընկալման վրա: Ես ձեզ խնդրում եմ երբեք չհուսահատվել և դժվարություններից չերկնչել, որովհետև հակառակորդի դավադրանքից չվախեցողը կենցաղային դժվարությունից երբեք չպետք է վախենա: Ձեր ընտրած ծառայությունը հեշտ չէ, ձեր ընտրած ճանապարհը լի է վտանգներով և բարդություններով: Բայց ես վստահ եմ, որ պատվով անցնելով այդ ճանապարհը, հետադարձ հայացք նետելով, հիշելով նաև այս օրը, դուք միշտ հպարտ եք լինելու ձեր կատարած ընտրության համար: Ու թեև այսօր մենք ձեզ հետ կանգնած ենք մեր հայրենիքի պաշտպանության առաջին շարքում, դուք պետք է միշտ հիշեք, որ դա ընդամենն առաջինն է բազմաթիվ շարքերից, որը կոչվում է Ազգ և Պետություն: Այսօր Գերագույն գլխավոր հրամանատարը, շնորհավորելով ձեզ Սարդարապատում, խոսեց «Ազգ» գաղափարի առանցքային կարևորության մասին: Դուք միշտ պետք է վստահ լինեք, որ ձեր ամեն արած քայլի ետևից գալու են հարյուրավորները, որովհետև մենք իրականում Ազգ-բանակ ենք և դա մեր ամենամեծ հպարտությունն ու ուժն է:

Բարի ծառայություն բոլորիդ:

  • Տարածել