ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

26 Հունիսի, 2017 18:54
Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես` մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ՀՀ և ԵՄ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող ակտիվ երկխոսությունը կունենա շարունակական բնույթ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է որպես հեռանկարային դիտարկել ռազմական կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը Եվրոպական Միության հետ: 

Դիրկ Լորենցն իր հերթին բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ իրականացվող շփումների կարևորությունը և վստահություն հայտնել, որ տարեվերջին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ որակական նոր մակարդակի համագործակցության համար:

  • Տարածել