1-ին ԲԿ-ում անցկացվել են եռօրյա հավաքներ

13 Ապրիլի, 2017 18:30
Զինված ուժերում շարունակվում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ամառային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքները:

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հենքի վրա անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման եռօրյա հավաք-պարապմունքներ:

Հավաքներին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալներն ու տեխնիկական ծառայությունների պետերը:

Տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում ուսումնասիրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման պլանավորման և իրականացման կանոնակարգը, շահագործման ամառային ռեժիմի փոխադրման աշխատանքների կարգն ու հերթականությունը, սպասարկման, շահագործման և նորոգման ժամանակ ներկայացվող անվտանգության պահանջները, ամառային պայմաններում ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության շահագործման առանձնահատկությունները և այլն:

Հավաքները եզրափակվել են «Սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստումը ամառային շահագործման» թեմայով անցկացված ցուցադրական պարապմունքով: Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զրահատանկային սպառազինության, ավտոմոբիլային տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի անցման առանձնահատկությունները, հրթիռահրետանային սպառազինության միջոցների և զինամթերքի սպասարկման կարգը, վառելիքաքսուկային նյութերի օգտագործման եղանակներն ու անվտանգության կանոնները:

  • Տարածել