Մամուլի հաղորդագրություն

23 Մարտի, 2017 18:17
Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Սերբիայի Պաշտպանական համալսարանի պետ, գեներալ-մայոր Մլադեն Վուրունայի գլխավորած պատվիրակությունը:

Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների և Սերբիայի պաշտպանական համալսարանի միջև ռազմակրթական ոլորտի վերաբերյալ քննարկումների անցկացումը և համագործակցության ոլորտների նախանշումը:

Այցի շրջանակում կազմակերպվել են սերբական պատվիրակության հանդիպումները ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական և Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում կայացած հանդիպումների ժամանակ ներկայացվել են կրթօջախների կառուցվածքի, գործունեության, դասավանդվող առարկաների և զարգացման հեռանկարների վերաբերյալ բրիֆինգներ:

Սերբիայի Պաշտպանական համալսարանի պետի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, ծանոթացել Համալսարանի ստեղծման գործընթացին, առաքելությանը և հիմնական խնդիրներին:

Սերբիայի Պաշտպանական համալսարանի պետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն ամփոփվել է մարտի 23-ին` ՀՀ ՊՆ վարչական համալիրում համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը նախանշել են Հայաստանի և Սերբիայի ռազմաուսումնական հաստատությունների միջև համագործակցության ոլորտները և ուղիները:

  • Տարածել