Պաշտպանության նախարարը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ

23 Փետրվարի, 2017 19:29
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ:

Մինչ ուսանողների հետ հանդիպումը, պաշտպանության նախարարը ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Սամվել Գալստյանի ուղեկցությամբ շրջել է ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել ուսումնական պրոցեսին, զրուցել ֆակուլտետի կուրսանտների` ապագա ռազմական բժիշկների հետ:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դահլիճում ներկա գտնվող ապրիլյան մարտական գործողությունների մասնակից նախկին զինծառայողներին` ցուցաբերած հայրենասիրության ևհերոսության համար: «Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր: Հերոսներն իրականում մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը կարող է թվալ բնական, ապացուցում են որ դա ոչ միայն բնական չէ, այլև հարիր չէ»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ եթե տղաները կրկին փորձության առջև կանգնեն, կդրսևորեն նույն խիզախությունը, ինչ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ:

Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը եղել է նաև Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում, ծանոթացել բժշկական հաստատությունում զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծման աշխատանքներին:

  • Տարածել