Մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն արդեն Սիրիայում է

18 Փետրվարի, 2017 17:07
«Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին» մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը Սիրիա տեղափոխող օդանավը փետրվարի 17-ին՝ ուշ երեկոյան, վայրէջք է կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ռազմաբազայում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով իրականացվող մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա են տեղափոխվել առաջին անհրաժեշտության  ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք և հագուստ:

Մարդասիրական ուղեբեռը տեղափոխած օդանավը ռազմաբազայում դիմավորել են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն ու ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Պավել Գյոզալյանը:

Հալեպում ՀՀ հյուպատոսության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով առաջիկա օրերին մարդասիրական օգնությունը հավասարապես բաժանվելու է սիրիական հակամարտությունից տուժած Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին:

  • Տարածել