ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ

31 Հունվարի, 2017 17:26
Զինված ուժերի մարտական պատրաստության 2017թ. ուսումանական տարվա պլանի համաձայն` հունվարի 23-ից 27-ը 4-րդ բանակային կորպուսում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ:

Հավաքների անցկացման ուսումնական նպատակն էր մասնակիցների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ստուգումը մարտական պատրաստության հիմնական առարկաներից, ստորաբաժանումների ղեկավարման մեթոդական պատրաստվածության կատարելագործումը մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ու կազմակերպման ուղղությամբ: Հավաքները ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը:

Հավաքների մասնակիցների հետ հանդիպումների և դասախոսությունների ընթացքում գնդապետ Վալերի Քոչարյանը խոսել է զորամիավորմանն առաջադրված խնդիրների, դրանց կատարման եղանակների և ուղիների մասին և ընդգծել, որ հատկապես մարտական հենակետերում յուրաքանչյուր զինծառայողի ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ կարելի է հասնել ընդհանուր հաջողության: Դասախոսություններում ներկայացվել է նաև «Ազգ-բանակ» գաղափարի էությունը, անդրադարձ է կատարվել «Հրամանատարում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքներով ծառայության կազմակերպման հարցերին:

Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը ըստ ուղղությունների անցկացրել են մարտավարական, մարտական և զորահավաքային, բարոյահոգեբանական, տեխնիակական, թիկունքային խնդիրների վերաբերյալ տեսական ու գործնական պարապմունքներ` միտված սպայակազմի գիտելիքների ու մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը:

  • Տարածել