ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի ելույթը ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ

28 Հունվարի, 2017 21:21
Play

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ Սերժ Սարգսյան,

Արցախի Հանրապե­տության մեծարգո՛ Նախագահ Բակո Սահակյան

Վեհափա՛ռ Տեր,

Գեներալնե՛ր, սպանե՛ր, ենթասպանե՛ր, կուրսանտնե՛ր, շարքայիննե՛ր,

Քաղաքացիական հատուկ ծառայողնե՛ր,

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը: Հայոց բանակն ուրախության ու հպարտության մեծագույն առիթ է ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև ամբողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների համար: Յուրաքանչյուր հայ գիտի, որ հենց այդ բանակի շնորհիվ հայոց պետականությունը վերածնվեց հաղթական հիմքի վրա` վերադարձնելով մեզ սեփական ուժերին ապավինելու և մեր ապագան ինքնուրույն կառուցելու կարևորության գիտակցումը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդար և օրինական պահանջին հակադրվեցին բռնությունն ու խաղաղ բնակչության ջարդերը: Սկիզբ առավ այն, ինչ ուղիղ 15 տարի առաջ, բանակի 10-ամյակի առիթով իր ելույթում, այս նույն բեմից այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անվանեց մեր բանակի կազմավորման առաջին փուլ` 1988 թվականի փետրվարից մինչև 1992 թվականի մայիս: Ոչ միայն Ղարաբաղի, այլև ողջ Հայաստանի բնակչության ռազմական անվտանգության խնդիրը դարձավ ավելի քան արդիական:

Ոգևորված խորհրդային իշխանությունների անգործությունից՝ Բաքուն սանձազերծեց ռազմական գործողություններ` ներգրավելով ժառանգած զենքն ու զինամթերքը: Տարիներ շարունակ Արցախը և նրան օգնության հասած Հայաստանը ուս ուսի մղեցին կենաց-մահու կռիվ` հընթացս կերտելով այն, ինչ պետք է հետո անվանվեր Հայոց ազգային բանակ:

Այդ տարիներին Հայաստան ժամանեցին Խորհրդային Միության ամենատարբեր անկյուններում ծառայող հայազգի սպաներ, բազմաթիվ սփյուռքահայ քույրեր ու եղբայրներ և միացան բանակաշինության գործին: Նրանց դրսևորած կամքն ու ջանքերը օրինակելի են յուրաքանչյուր հայորդու համար:

Թեև սաղմնավորվող բանակը զրոյից էր ձևավորում իր կառույցները, այն սնվում էր Ավարայրի, Սարդարապատի և Հայրենական մեծ պատերազմի պատմական փորձից: Մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի և Խանփերյանցի, ծովակալ Իսակովի, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի և հարյուր հազարավոր հայորդիների օրինակով դաստիարակված, Սուրբ Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի, փառապանծ ֆիդայինների գենը կրող մեր ժողովուրդը իրեն դրսևորեց լավագույն հատկանիշներով և աննախադեպ վճռականությամբ:

Քառորդ դարի ընթացքում մի վիթխարի ճանապարհ են անցել մեր զինված ուժերը` Հայաստանի և Արցախի հերոս Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Արծիվ մահապարտների» գումարտակներ կազմավորելու ճակատագրական և բեկումնային ժամանակներից մինչև Պաշտպանության բանակ, բանակային կորպուսներ, դիվիզիաներ, օպերատիվ խմբեր և առանձին գնդեր մեկտեղող կուռ կենտրոնաձիգ կառույց:

Այս տարիների ընթացքում ձևավորվեց զինվորականության մի նոր սերունդ, որը մուտք գործեց զինված ուժեր մեր իսկ ռազմաուսումնական հաստատություններից` այսօր հասնելով սպայական ավագ և բարձրագույն կոչումների:

Մեր ժողովրդի իմաստության և ավանդապաշտության շնորհիվ այդ սերնդափոխությունը մեկնարկեց և մինչ օրս ընթանում է հարթ և արդյունավետ` մի կողմից փորձի նկատմամբ հարգանքի և կատարած աշխատանքի հանդեպ ակնածանքի, մյուս կողմից` նորարարության հանդեպ շահագրգիռ հետաքրքրության և նոր սերնդի ուժերի հանդեպ խոր վստահության համադրմամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Պատմական հայրենիքի, ոչ թե տարածքի, ազգային գոյի, ոչ թե զավթողականության, ինքնության և ոչ թե կեղծված պատմության և մոգոնած աշխարհագրության համար էր Հայոց բանակի կռիվը: Եվ այսօր էլ այն շարունակում է ծառայել այդ նույն վեհ նպատակներին:

Պարույր Սևակի՝ Մեսրոպ Մաշտոցին ուղղված խոսքերը  կարելի է հեշտությամբ և նույնությամբ կիրառել Հայոց բանակի դեպքում՝ «ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք, և անմահացավ, որ անմահանանք»: Քանզի, իրականում հայոց բանակից է կախված մեր պետության և ժողովրդի ներկան ու ապագան:

Հայոց բանակի հաղթանակների արդյունքը միայն ազատագրված հայրենի գյուղերն ու քաղաքները չեն, միայն մեր անվտանգությունը չէ: Դա մեր ժողովրդի ստացած հաղթական ոգին է, հաղթողի հոգեբանությունը և հայի համաժողովրդական ուժի նկատմամբ անսասան վստահությունը:

Պետականաշինության և բանակաշինության վճռորոշ այս տարիների ընթացքում եղան մարդիկ, նույնիսկ խելացի, բանիմաց, հայրենասեր մարդիկ, ովքեր թերահավատ էին Հայոց բանակի և հայ ժողովրդի վճռականության հարցում: «Եթե նորից կռիվ լինի, ոչ ոք չի գնա» նախադասությունը շատերի ասելիքում ու էլ ավելի շատերի լուռ մտածմունքներում էր, բայց, վստահ եմ, որ նրանցից և ոչ մեկը նույն կարծիքին չէ անցած տարվա ապրիլից հետո...

Պարզապես գովեստի խոսքեր ասել այդ օրերին հակառակորդին հետ մղած մեր զինծառայողների հասցեին, նշանակում է չասել ոչինչ: Մեր տղաները վստահաբար, արհեստավարժ և պատվախնդիր կերպով կատարեցին իրենց գործը: Բազմակի անգամ ավելի անձնակազմի և զինտեխնիկայի կորուստ պատճառելով հակառակորդին` նրան պարտադրեցին վերադառնալու 1994 թվականի զինադադարի պայմաններին:

Այդ օրերին հատկապես ոգևորող էր ժամկետային և պայմանագրային զինծառայողների և Արցախյան պատերազմի վետերանների` կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների միջսերնդային միաձուլումը: Փառք և պատիվ մեր վետերաններին, որոնք ոչ միայն խորհրդով, այլև զենքը ձեռքերին կանգնեցին Հայրենիքի այսօրվա պաշտպանների կողքին:

Այսօր շատ են խոսում ապրիլյան օրերից դասեր քաղելու մասին: Ռազմական գործում յուրաքանչյուր իրադարձությունից, անգամ պլանային զորավարժությունից ընդունված է եզրակացություներ անել և շտկումներ կատարել, էլ ուր մնաց՝ ռազմական գործողությունների պարագայում: Առաջնագծի կահավորման և դիտարկման գերժամանակակից տեխնիկայով զինելուց մինչև զորահավաքային աշխատանքի հետագա բարելավում` բազմաթիվ հետևություններ ենք արել ապրիլյան դեպքերից: Կարծում եմ՝ մեր հասարակությունը կարողացավ լիարժեք համոզվել դրա մեջ նաև սեպտեմբեր ամսին անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

Բայց մեզ համար ապրիլի գլխավոր բացահայտումն ուրիշ էր` դա մեր զինվորն ու հրամանատարն էր, ով թշնամու կրակի տակ վազում է խոցված ընկերոջ մոտ, թաքցնում է, որ վիրավոր է և բուժօգնության է դիմում միայն մարտն ավարտին հասցնելուց հետո, ով լռում է իր սխրանքի մասին և խոսում է «դիրքի պատիվ» հասկացության մասին, իսկ մի քանի տանկ խոցած երիտասարդը զարմանում է, որ իրեն հերոսացնում են: Դա նաև մեր քաղաքացին էր` ի դեմս հոսպիտալների մոտ արյուն հանձնելու համար հերթագրվող ուսանողների, զինվորին ծանրոց ուղարկող թոշակառուների և նամակով նրանց սատարող աշակերտների, դեպի առաջնագիծ իր ողջ ներուժն ուղղող գործարարի: Դա նաև մեր մեր սահմանամերձ, իսկ ավելի ճիշտ է` ասել սահմանապահ համայնքներն էին, որոնք զենքը ձեռքին կանգնեցին մեր զինծառայողի կողքին` պաշտպանելու հայրենիքը: Դա նաև մեր սփյուռքն էր, որն անմնացորդ նվիրվեց հայրենիքին և հայրենիքի խնդիրներին:

Ապրիլի հիմնական եզրահանգումը սա է` մենք հիրավի ԱԶԳ-ԲԱՆԱԿ ենք, և դա է մեր հավաքական ուժն ու արժեքը:

Ապրիլի եզրահանգումներից մեկն էլ այն է, որ այս սերունդը՝ անկախության սերունդը, իր ճակատագրի տերն է լինելու և արժանապատվորեն է կերտելու մեր ժողովրդի  ապագան:

Արցախյան ազատամարտը հայոց պատմությունը հարստացրեց նոր հերոսների անուններով: Նրանց, ովքեր այսօր մեզ հետ չեն, մենք զոհ չենք անվանում: Նրանք հերոս են: Նրանց կերպարները զոհի չեն, այլ հաղթողի, և չեն կարող տեղավորվել վշտի կաղապարում: Ուստի, թեև ընդուն­ված է հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ, առաջարկում եմ մեր հերոսների հիշատակը ՊԱՏՎԵԼ մեկ րոպե հոտնկայս և բուռն ծափահարություններով:

Շնորհակալություն:

Ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի խոսքը. «Նույնանալ ժողովուրդին հետ՝ որպես կենսաբանական էակ, նույնանալ ազգին պատմության և մշակույթին հետ՝ որպես բարոյական-հոգևոր էակ, նույնանալ հայրենիքի հողին ու ջուրին հետ՝ որպես աշխատող-ստեղծագործող էակ, վերջապես նույնանալ Հայ պետությունը ամրացնող ու անոր ապագան պսակող իդեալներուն հետ՝ որպես կամեցող և կառուցանող քաղաքական էակ: Ահա, մեր կարծիքով, ճշմարիտ պատկերը ամբողջական Հայուն»:

Այդ «ամբողջական Հայու» կերպարն արտացոլվեց այս տեսաուղերձների մեջ, որոնք մեր ազգի յուրօրինակ մաղթանքն են և երդումը մեր բանակին: Սա է ազգ-բանակի առանցքը:

Ձե՛րդ Սրբություն, Վեհափա՛ռ Տեր,

Օգտվելով առիթից՝ ուզում եմ ողջ բանակի անունից շնորհակալություն հայտնել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` բանակին աջակցության հետևողական և իմաստուն Ձեր առաջնորդության համար: Գնդերեցները մեր զորքում կատարում են և՛ հոգևոր հովվի, և՛ ռազմական հոգեբանի, և՛ ավագ ընկերոջ կարևորագույն գործառույթ:

Տիկնայք և պարոնայք,

Տարիների ընթացքում ծավալել ենք երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքական հարաբերությունների գործուն համակարգ: Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աջակցությամբ շարունակում ենք իրականացնել սպառազինությունների համալրման համապարփակ ծրագիրը: Ձևավորել ենք Ուժերի միացյալ խմբավորում և Միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Համատեղ ջանքեր ենք գործադրում Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու ուղղությամբ:

Մեր խաղաղապահները գործընկերների հետ առաքելություն են իրականացնում միաժամանակ մի քանի ռազմաբեմերում: Փառք բոլոր նրանց, ովքեր հայրենիքից հեռու շարունակում են բարձր պահել մեր երկրի և ժողովրդի պատիվը:

Հարգելի ներկաներ,

Հայկական բանակը ծնվել է հերոսների սխրանքից: Մեր պարտքն է ունենալ այնպիսի բանակ, որն արժանի կլինի այդ հերոսների փառքին:

Հայոց պատմությունը փաստում է, որ մենք՝ որպես ազգ և պետություն, սկսել ենք թուլանալ և զիջել մեր դիրքերը տարածաշրջանում այն ժամանակ, երբ դադարել ենք լինել ազգ-բանակ։ Այդ կառույցի քայքայումն ու ջլատումն են մեր նահանջի գլխավոր պատճառները։ Բայց մենք չունենք նահանջելու տեղ, առավել ևս` նման մտադրություն: Փոխարենը ունենք վճռականություն դառնալու հզոր և անպարտելի ազգ-բանակ։ Դրա համար կան անհրաժեշտ նախադրյալներ, որովհետև ի վերջո բոլորս՝ պաշտոնյա թե շարքային, գիտնական թե բանվոր, բժիշկ, մանկավարժ թե վարորդ` երկրի անվտանգության հարցում ունենք մեկ առաքելություն` կոչված ենք և զորակոչված մեկ նպատակի:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձևավորման առաջին իսկ օրերից ստիպված են եղել կռվել ավելի մեծաքանակ և ավելի շատ ռեսուրսներ ունեցող հակառակորդի դեմ։ Քանակի դեմ ավելի մեծ քանակ հանելու ճանապարհը մերը չէ: Եվ դա ոչ միայն և ոչ այնքան ռեսուրսների, որքան խոհեմության հարց է: Մենք քանակին հակադրել ենք որակ և հաղթել։

Ազգ-բանակ՝ առաջին հերթին նշանակում է որակ։ Այդ որակի գլխավոր կրողը պետք է լինի ցանկացած բանակի ողնաշարը կազմող սպայական և ենթասպայական կազմը: Հայ սպայի, հրամանատարի կերպարը պետք է դառնա ուղղորդիչ մեր ողջ հասարակության համար: Իր գործի իսկական նվիրյալ, պարկեշտ, կարգապահ, իր և ենթակաների նկատմամբ պահանջկոտ, բանիմաց, մասնագիտական առումով՝ հմուտ, իսկ կրթական առումով` լայն գիտելիքների տեր սպան պետք է դառնա մեր վաղվա բանակի ոչ միայն սիրված, այլև խորապես հարգված դեմքը: Շարունակելու ենք սպայական մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը` բնակարանավորման, սոցիալական ապահովման, բուժսպասարկումը արդի և մատչելի դարձնելու, մրցունակ ռազմական կրթություն ապահովելու միջոցով: Սպայի մասնագիտության մասին մեր երիտասարդները պետք է երազեն և մրցակցեն միմյանց հետ` սպա դառնալու համար:

Ազգ-բանակ՝ նշանակում է նաև այնպիսի բանակ, որն իր բոլոր գործառույթներով և կանոնակարգումներով չի թողնում երկմտանքի և անվստահության որևէ տեղ: Հետևաբար, խստագույնս պատժելու ենք յուրաքանչյուրին` անկախ դիրքից, ով փորձի իր ձեռքը մեկնել բանակի բյուջեին, կամ հարստանալ` սահմանին կանգնած զինվորի հաշվին:

Մեր օրերում երկրի պաշտպանունակությունը չի չափվում միայն իր ունեցած զենքով ու զինամթերքով, և ոչ էլ ազգաբնակչության թվաքանակով: Պաշտպանունակությունը, առաջին հերթին, պայմանավորված է արդյունավետու­թյամբ և հանրային հարաբերությունների ամբողջականությամբ, արժեհամակարգի վրա հենված քաղաքականությամբ, սեփական նպատակներին, ազգային գաղափարներին հավատարիմ լինելու համընդհանուր ձգտմամբ:

Ուրեմն, ազգ-բանակ դառնալու ճանապարհին պետք է առաջին հերթին հասկանանք, թե ինչպե՞ս պետք է մեր բանակը «հասարակության հայելիից» վերածենք «քաղաքացու կերտման դպրոցի և դարբնոցի»: Այն դարձնելու ենք մեր երկրի առաջընթացի խորհրդանիշ, ամենատարբեր ոլորտներում չափորոշիչների սահմանման միջոց, հատկապես` մարդու իրավունքների պաշտպանության, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման և բարեվարքության ուղղություններով:

Ժամկետային ծառայությունը պետք է դարձնենք ոչ միայն հայրենիքին քաղաքացիական պարտքը տալու, այնուհետև բարձր մարտական պատրաստություն ունեցող պահեստազորային դառնալու միջոց, այլև լրացուցիչ կրթություն ստանալու, մեր երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու և ազգային գաղափարին հաղորդակից դարձնելու հնարավորություն: Անելու ենք ամեն ինչ, որ զորացրվող յուրաքանչյուր զինվոր տիրապետի համակարգչային գիտելիքների և հմտությունների:

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիր կարող է և անելու է նոր լուրջ քայլեր` մեր երկրի գիտական համբավը վերականգնելու, նորարարական տեխնոլոգիաներ ներդնելու և իր արտադրանքով միջազգային շուկաներում մրցունակ տեղ զբաղեցնելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայտնի է, որ մենք` հայերս, խաղաղասեր ժողովուրդ ենք: Միշտ երազել և երազում ենք խաղաղ գոյության, ազատ ստեղծարար աշխատանքի, մեր ժառանգներին կրթական լավագույն հնարավորություններ ապահովելու մասին: Որպես հազարամյակների խորքից եկած ժողովուրդ՝ մենք գիտակցում ենք, որ չկա լավ և վատ պատերազմ, անկախ նրանից` պարտվում ես, թե հաղթում: Պատերազմը ցանկացած պարագայում կորուստ է, վիշտ, հետընթաց: Բայց պատմությունը մեզ նաև սովորեցրել է, որ պատերազմից փախչելով՝ արհավիրքներից չես խուսափում, այլ միայն ուժեղացնում ես դրանց դառնությունը: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց գիտենք, որ այն չենք ստանալու որպես պարգև: Այն պետք է վաստակել մեր մարտունակությամբ և վճռականությամբ, որոնց գոյության նախապայմանը մեր մեծերի, մեր սրբերի հավատքն ու բարոյականությունն է՝ մեր ժողովրդի ամենաթանկ ու արժեքավոր ժառանգությունը:»

Այդ մարտունակության և վճռականության ամրապնդման ճանապարհին կարևորագույն ուղեկիցներ են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, ազատությունն ու բարձր քաղաքացիական գիտակցությունը: Երբ բախվում են ժողովրդավարությունն ու բռնատիրություն, ժողովրդավարության գործը երբեք հեշտ չի լինում: Բայց պատմությունից հայտնի է, որ իրական ժողովրդավարությունը երբեք չի պարտվում բռնատիրությանը: Խոսքս կարճաժամկետ վայրիվերումների մասին չէ, այլ իրական հաղթանակների:

Արցախի ժողովրդի պայքարը սեփական ճակատագիրը ինքնուրույն վճռելու պայքար է: Դա պայքար է մարդու անսասան իրավունքների համար: Մենք ինքներս պետք է արժանի լինենք այդ պայքարին, քանզի ոչ միայն Արցախի ֆիզիկական անվտանգության և տարածքի, այլև նրա արժեհամակարգի, ազատության, ժողովրդավարության երաշխավորն ենք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցավոք, հաշվի առնելով հակառակորդի վարած ներքին քաղաքականությունը` բռնատիրության խորացման, ժողովրդավարական զարգացման վիժեցման, այլատյացության և ագրեսիայի սերմանման ակնհայտ միտումները, այս փուլում լիարժեք խաղաղության հույս ունենալը միամտություն է: Եվ հետևաբար մենք պետք է շարունակենք լինել ոչ թե պարզապես ուժեղ, այլ ուժեղագույնը տարածաշրջանում:

Հայոց բանակի մասին հաճախ հնչում է «մարտունակ» բնորոշումը: Օրեր առաջ, հանդիպելով զորացրված զինծառայողների հետ, Հանրապետության Նախագահ,  զինված ուժե­րի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ որոշիչը համաչափ չէ մեր բանակի առջև դրված խնդիրները լուծելու առումով: Մեզ պետք է լինել ոչ թե պար­զա­պես մարտունակ, այլ ռազմավարական լուրջ խնդիրներ լուծելու ունակ հզոր բանակ:

Ուրեմն շարունակենք միասին կերտել այդպիսի հզոր, հասարակությանը համախմբող բանակ, իրապես դառնանք ազգ-բանակ` ճանապարհ հարթելով դեպի մեր երազանքների Հայաստանը:

Շնորհավորում եմ մեր ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը՝ այս փառավոր տոնի առթիվ, շնորհավորում եմ Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և ազգ-բանակի մաս կազմող յուրաքանչյուր քաղաքացու:

Հպարտ եմ, որ այս տոնը նշում եմ ձեր շարքերում: Պատիվ ունեմ:

Կեցցե՛ Հայոց 25-ամյա բանակը: Փա՜ռք նրա ստեղծողներին:

Փա՜ռք մեր հերոսներին, խոնարհում անմահացածների հիշատակի առջև:

Փա՜ռք սահմանին այս պահին կանգնած հայ զինվորին:

Փա՜ռք հայ ժողովրդին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

  • Տարածել