Տեղի է ունեցել 4-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստը

16 Հունվարի, 2017 17:57
4-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա արդյունքները: Ռազմական խորհրդի նիստին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, կայազորի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Զեկույցների միջոցով ներկայացվել է զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրները, մարտական հերթապահության կազմակերպման առանձնահատկությունները: Մանրամասն զեկուցվել է նաև տարվա ընթացքում կատարված աշխատանքների, զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման, թիկունքային ապահովման հարցերի, անձնակազմի բարոյահոգեբանական դաստիարակության և կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանն իր զեկույցում փաստելով, որ ենթակա զորամասերը 2016թ. արդյունքներով դրական առաջընթաց են արձանագրել, հավաստիացրել է, որ մարտունակության ու անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության բարձր աստիճանի շնորհիվ զորամիավորումն ի զորու է կատարելու առաջադրված ցանկացած մարտական խնդիր:

   ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը դրական է գնահատել բանակային կորպուսի 2016թ. ուսումնական տարվա ամփոփիչ արդյունքները և հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

  • Տարածել