ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել է հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները

22 Դեկտեմբերի, 2016
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում համագործակցության ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման ու ամրապնդման խնդիրներին: Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցի, հանդիպել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում, հանդիպել է թբիլիսահայ համայնքի անդամների, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի կառույցների ղեկավարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն արժևորել և բարձր է գնահատել Հայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում ինչպես Հայաստանում ու ՀՀ զինված ուժերում, այնպես էլ Սփյուռքում, խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին:

Թբիլիսիում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

  • Տարածել