Հակառակորդի լքած հենակետերում հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է

29 Հոկտեմբերի, 2016 11:54
Հոկտեմբերի 18-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում առկա է լքված զինամթերք:

Հայկական զինված ուժերի ինժերենական ծառայության ջանքերով և Հումանիտար ականազերծման կենտրոնի փորձագիտական աջակցության շնորհիվ իրականացված հետազոտության արդյունքում նշված տարածքում` դեռևս 90-ականների մարտական գործողություններից հետո հակառակորդի լքած հենակետերում, հայտնաբերվել է զինամթերքի 2 կուտակատեղի` 44 միավոր 82 մմ, 12 միավոր 120 մմ ականանետի ականներ և 1 միավոր 100 մմ հրետանային չպայթեցված արկ: Հայտնաբերված զինամթերքը հոկտեմբերի 27-ին ոչնչացվել են էլեկտրական ճայթիչ հրապատիճի կիրառման մեթոդով: Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում հակառակորդի մեկ այլ նախկին դիրքում լքված զինամթերքի նոր խմբաքանակի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են:

Այն տարածքները, որտեղ հայտնաբերվել է լքված զինամթերքը, Եղվարդ և Ուժանիս համայնքների բնակիչների կողմից օգտագործվում է որպես խոտհարք և արոտավայր, ինչը ևս մեկ անգամ զգոնության ու աչալրջության կոչ պետք է լինի համայնքների բնակիչներին`վերստին հիշեցնելով նրանց, որ կտրականապես արգելվում է մուտք գործել վտանգավոր տարածքներ:

Միանշանակ է, որ լքված զինամթերքի հայտնաբերումը վառ ապացույցն է այն բանի, որ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հակառակորդի մարտկոցները այս դիրքերից ականակոծել են Եղվարդ և Ուժանիս համայնքային կենտրոնները: Եվ, ըստ ամենայնի, մեր հրետանու նշանակետային գնդակոծման հետևանքով հակառակորդը խուճապահար լքել է դիրքերը, թողնելով զինամթերքը և արդեն կրակի պատրաստ արկերը:

  • Տարածել