Կայացել է ՀՀ ՊՆ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը:

25 Հուլիսի, 2016 16:51
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՀՀ ՊՆ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Հանրապետության Նախագահը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները ողջունել են հանդիսավոր արարողության մասնակիցներին, մաղթել հաջողություններ և խաղաղ ծառայություն:

Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականները ռազմաուսումնական հաստատություների շրջանավարտներին են հանձնել սպայական վկայականներն ու անվանական սպայական դաշույնները:

Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: «Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի և աշխարհայացքի մասին: Այսօրվանից մեր ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը և խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետև նա առաջին շարքերում է»,- ասել է Հանրապետության նախագահը:

Հանդիսավոր արարողության ընթացքում շրջանավարտներին ողջունել և ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Արարողության ավարտին շրջանավարտները հանդիսավոր քայլերթ են կատարել, որին հաջորդել է ՀՀ ՊՆ Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթը:

 

                                                                    *****

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքը

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների

ավարտական միջոցառման ժամանակ

 

Մեծարգո պարոն Նախագահ,

հարգելի նախարարներ,

պարոնայք գեներալներ, սպաներ, 

ռազմաուսումնական հաստատությունների սիրելի շրջանավարտներ.

հարգելի հյուրեր, ներկաներ, շրջանավարտների հարազատներ.

այսօր մենք մասնակիցն ենք Հայկական բանակի շուրջ քառորդդարյա տարեգրության մի կարևոր և ուրախալի իրադարձության: Նրա ողջ նշանակությունը կարևորելու և վերաիմաստավորելու ենք գալիք տարիների ընթացքում` ականատեսը լինելով Հայաստանի Հանրապետության և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016 թվականի շրջանավարտների հաջողություններին, որոնցով է վաղը մեծապես պայմանավորվելու Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանվածությունը և Հայկական բանակի ուժն ու հզորությունը: Դրա համար էլ տոնական այս օրը, նայելով ձեր պայծառ ու աննկուն դեմքերին, յուրաքանչյուր հայի հոգում միահյուսվում են ուրախությունը, հուզմունքն ու վստահությունը վաղվա խաղաղ օրերի նկատմամբ:

Բայց երիտասարդ սպաների մուտքը զինված ուժեր ոչ միայն նոր հույսերի արթնացման օր է, այլև յուրօրինակ խտացումն է այն տքնաջան ու հետևողական աշխատանքի, որն անցած տարիների ընթացքում կատարեցին Հայաստանի Հանրապետության ու պաշտպանության նախարարության ղեկավարությունը և ռազմաուսումնական հաստատությունների ողջ անձնակազմը:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ու Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանները դարձան բարձրագույն զինվորական կրթության ա´յն օջախները, որոնք պրոֆեսորադասախոսական ու սպայական կազմի մասնագիտական պատրաստվածության շնորհիվ կարողացան համաքայլ ընթանալ ժամանակի պահանջներին և պատրաստել սպաներ, ովքեր դառնում են 21-րդ դարի հայ զինվորի մարտական ուսուցման կազմակերպողն ու նրա արժանի հրամանատարը:

Ավելին` առաջնագծի պաշտպանությունը հմտորեն կազմակերպելու, նրանց գիտելիքների և ունակությունների, ավագ սպաների փորձը յուրացնելու, ինչպես նաև հակառակորդի զսպման նոր մեխանիզմների ճիշտ կիրառման շնորհիվ է, որ վերջինս ամեն անգամ ետ է շպրտվում մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի սահմաններից:

Եվ ես առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում նրանց դասախոսներին ու հրամանատարներին, ինչպես նաեւ համագործակցող նախարարություններին եւ ուսումնական հաստատությունների ղեկավարությանը, ծնողներին, ովքեր պատշաճ կրթության եւ դաստիարակության միջոցով ամեն ինչ արեցին, որպեսզի հայ զինվորն իրենց արժանի հրամանատար, իսկ հայ ժողովուրդն իր երազած սպան ունենա:

Ռազմաուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն այսօր Հայկական բանակի հրաձգային ու մոտոհրաձգային, հրետանու և կապի զորատեսակներում զբաղեցնում են պատասխանատու հրամանատարական և շտաբային պաշտոններ, լիարժեք կերպով ապահովում են զինվորական ավիացիայի և հակաօդային պաշտպանության զորքերին առաջադրված խնդիրների կատարումը, ղեկավարում են զինվորական հոսպիտալներ ու ռազմաբժշկական այլ ստորաբաժանումներ: Նրանց գրագետ ու բարեխիղճ ծառայության շնորհիվ մենք շարունակում ենք իրականություն դարձնել դեռեւս Արցախյան պատերազմից որդեգրած «փոքր ուժերով մեծ խնդիրներ» սկզբունքը՝ առաջնորդվելով խելացի պաշտպանություն ճանապարհով: Եւ այս ամենի արդյունքում է, որ հայկական բանակն այսօր հաջողությամբ եւ վստահորեն է իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանությունը:

           

Հայկական բանակի սիրելի նորընծա սպաներ.

սա նաև ձե´ր ճանապարհն է, որով դուք առաջ կընթանաք ձեր հրամանատարության ներքո ծառայող զինվորների հստակ ու գրագետ յուրաքանչյուր գործողության, վերադաս հրամանատարության կողմից ձեզ վստահված ամե´ն մի հանձնարարության լիարժեք կատարման միջոցով:

Ցավոք, ի տարբերություն աշխարհի շատ ու շատ բանակների, ուր սպաների և նրանց ղեկավարած ստորաբաժանումների հաջողությունները չափվում են զորավարժարաններում ցուցաբերած արդյունքներով, Հայկական բանակի սպայի ձեռքբերումներն ի թիվս դրանց, առաջին հերթին որոշվելու են առաջնագծի պաշտպանությունը կազմակերպելու ունակություններով և հակառակորդին ամեն անգամ արժանի հակահարված տալու հաստատակամությամբ: Մեր սպաները քաջությամբ են ընդունում մարտահրավերը եւ ինձ համար մեծ հպարտություն եւ պարծանք է այն, որ մեր սպաների զգալի մասը, այդ թվում ձեզանից շատերը, կամովին մեկնում են առաջին գիծ: Չնայած հնարավոր է, որ վիճակահանությամբ այլ տեղում  շարունակեին իրենց ծառայությունը: Այսպիսի հրամանատարներ ունենալը պատիվ է ու պատասխանատվություն է մեզ համար:

Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու պաշտպանության նախարարության ղեկավարությունը հսկայական աշխատանք են կատարում մեր անվտանգային միջավայրի ընդլայնման ուղղությամբ: Դրա վկայությունն են ոչ միայն Հայաստանի անդամակցությունը տարբեր դաշինքներին և պաշտպանական ասպարեզում երկկողմ ու բազմակողմ համագործակցության խորացումը դաշնակից ու բարեկամ պետությունների հետ, ոչ միայն Հայկական բանակի բոլոր զորատեսակների ակտիվ մասնակցությունը բազմազգ զորախաղերին և խաղաղապահ առաքելություններին, այլև այն իրողությունը, որ ամեն տարի մենք բազմաթիվ կուրսանտներ ենք ուղարկում նաև արտերկրի հեղինակավոր ռազմաուսումնական հաստատություններ` յուրացնելու ռազմական գործի ու գիտության ասպարեզի նոր նվաճումները և դրանք տեղայնացնելով կիրառելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Չե´մ թաքցնում, մենք դեռ շատ մարտահրավերների ենք դիմակայելու և մարտական հենակետերում զգոն, մշտարթուն ու վտանգաշատ ծառայության, հակառակորդի մեծ ու փոքր արկածախնդրությունները ետ մղելու դրվագներով են գրվելու ձեր սպայական կենսագրության բազմաթիվ էջեր:

Այս տարվա ապրիլի 2-ից ի վեր մենք ապրում ենք այլ իրականությունում, որը բնութագրվում է այլ չափորոշիչներով, քանի որ վտանգված է 1994 թվականի մայիսյան զինադադարի համաձայնագրով երաշխավորված փխրուն խաղաղությունը: Ապրիլյան պատերազմի չորս օրերին այն պահպանվեց հայ զինվորականների տոկունության, մարտական վարպետության ու ներդաշնակված գործողությունների շնորհիվ, զինվորների ու հրամանատարների աննահանջ կռվի և մեր նորօրյա հերոսների անձնազոհության գնով:

Հավերժ փառք նրանց:

Եվ իրավիճակը հանդարտ լինի, թե լարված, առաջնագծում թե զորավարժարանում ձեր առաքելությունը կատարելիս որպես պատգամ մի´շտ հիշեք 2015 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի պատասխանը ֆրանսիական հեռուստաընկերության հարցին. «Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած հարձակման: Մենք պատերազմից վախենում ենք,  բայց կռվից չենք վախենում»: Ապրեք ու ծառայեք ա´յս գիտակցությամբ, մի´ ընկրկեք որևէ վտանգի առջև, մի´ ընկճվեք ո´չ մի դժվարությունից, այլ դարձեք զինվորի ավագ ընկերն ու խորհրդատուն, ձեր գիտելիքները, եռանդն ու նվիրումն ի սպաս դրեք Հայկական բանակի հետագա հզորացման գործին, և մեծ հաղթանակով դուրս կգանք շատ ու շատ լուրջ փորձություններից:

 Բոլորիդ մաղթում եմ միասնական կամք, վճռականություն, նվիրում և պատվախնդրություն` ի նպաստ մեր հայրենիքի և ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ ապագայի:

Սիրելի շրջանավարտներ, բարի երթ ձեզ Հայկական բանակի կուռ շարքերում:

Շնորհակալություն:

  • Տարածել