Սեյրան Օհանյանը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդների հետ

22 Հուլիսի, 2016 19:34
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 22-ին հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ երիտասարդների հետ:

Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, Սեյրան Օհանյանը շեշտել է, որ պաշտպանության նախարարությունում արդեն ավանդույթ է դարձել երիտասարդների հետ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը:

«Յուրաքանչյուր պետություն իր անվտանգության համակարգը  ձևավորում է երկրի ռազմական ներուժի շրջանակում: Ռազմական ներուժ ասելով հասկանում ենք երկրի տնտեսությունը, բանակը իր զորահավաքային պատրաստությամբ, հայրենասիրական դաստիարակությունը հատկապես երիտասարդության շրջանում: Այդպես է նաև Հայաստանի Հանրապետությունում և մեր երիտասարդությունն այն մեծ ներուժն է, որ պետք է տանի մեզ առաջ, դեպի զարգացում և մեր խելացի գործունեության արդյունքում բերի այն իրավիճակին, որ մեր անվտանգությունը կառուցենք ոչ միայն սպառազինության, այլև խելացի մտքի, խելացի պաշտպանության վրա»,-նշել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ երիտասարդության հետ աշխատանքը պաշտպանական քաղաքականության մաս է կազմում և դա անտեսելը նշանակում է անտեսել լիարժեք պաշտպանական քաղաքականության իրականացումը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին:

  • Տարածել