Հայաստանում է ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի պատվիրակությունը
21 Հուլիսի, 2016 19:22Հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությանը ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը և դրա հետևանքները: Ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը հրադադարի պահպանման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:
Տավուշի մարզում ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզպետ Հովիկ Աբովյանի և սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության առօրյա կյանքի վրա հրադադարի խախտումների հետևանքները բնակչության անվտանգության, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքների շահագործման առումով:
ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն, որտեղ տեղեկատվություն է ստացել միջազգային խաղաղության և կայունության պահպանման գործողություններում հայ խաղաղապահների ներգրավվածության և նախապատրաստվող առաքելությունների վերաբերյալ: