Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկներ հիշատակին

29 Հունիսի, 2016 18:27
Հունիսի 29-ին` Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ: Այցելուները ծաղիկներ և ծաղկեպսակներ են Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:

«Եռաբլուր» պանթեոնում կազմակերպված անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառման ընթացքում ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդանն Ավետիսյանն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի հաղթանակը կռած ազատամարտիկների հիշատակն ու նրանց գործած սխրանքները, որպես սրբազան պատգամ, փոխանցվում են և երիտասարդներին, և հայկական բանակի զինծառայողներին: Ավելին` ազատամարտին մասնակից հայորդիների հիշատակի պահպանումն ու նրանց դավանած արժեքներին հավատարմությունը մեր օրերում դարձել են ՀՀ զինված ուժերի ձեռքբերումների և մեր հայրենիքի պաշտպանունակության կարևորագույն գրավականներից մեկը:

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանն իր հերթին նշել է, որ անցած տարիները ոչ միայն չեն թուլացրել անհայտ կորածների վերադարձի հավատը, այլև ծառայել են Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի կազմավորմանն ու դրա միջոցով որոնողական աշխատանքների իրականացմանը:

Պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտել է, որ անհայտ կորած մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցները, չսպիացող վերքերն ու չամոքվող ցավն են, որ միշտ հիշեցնում են Հայրենիքի պաշտպանության գործի հանդեպ բացառիկ պատասխանատվության անհրաժեշտությունը: Որպես ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համագործակցելով արվել և այսուհետ էլ արվելու է առավելագույնը՝ անհայտ կորածների ճակատագրի բաց էջերը լրացնելու, նրանց հարազատներին սփոփելու և հնարավորության սահմաններում աջակցելու համար:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն եղել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում կառուցվող թանգարանի շենքում, ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին:

  • Տարածել