Երևանում բացվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը

23 Մայիսի, 2016 13:19
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 23-ին ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: Արձանը բացվել է Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում: Քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆֆանելլին, օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, երևանաբնակ չարդախլեցիներ (խաչիսարցիներ), «Գարդման» հայրենակցական միության անդամներ, այլ հյուրեր:

ՀՀ Նախագահը և արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր զորավարի հիշատակին:

Պատվո պահակախմբի զինվորների շարային քայլերթից հետո Երևանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը ՀՀ Նախագահին հանձնել են խորհրդանշական նվեր. մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը՝ ընծայված զորավարի ժառանգների կողմից:

  • Տարածել