ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել գնդային մարտավարական զորավարժությանը

22 Մայիսի, 2016 13:18
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսում անցկացված ուժեղացված գնդային մարտավարական զորավարժությանը:

Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողությունների ընթացքում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացվել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում: Բացի առաջադրված պաշտպանական և հակահարձակողական հիմնական ուսումնամարտական խնդիրներից ու նպատակներից, զորավարժության ժամանակ ուսումնասիրվել և փորձարկվել են ապրիլյան մարտական գործողություններից առանձնացված մի շարք մարտավարական կարևորության, ստորաբաժանումների փոխգործակցելիության, կրակային խոցման և այլ օրինակելի դրվագներ ու առանձնահատկություններ: Հետագայում այդ օրինակները հիմնավորված կերպով կտարածվեն ամբողջ զինված ուժերում:

Ամփոփելով զորավարժության արդյունքները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մատնանշել է առանձին դրվագների և ամբողջ զորավարժության ժամանակ աչքի ընկած առանձնահատկությունները, առավել դրական կողմով աչքի ընկած ստորաբաժանումներն ու նրանց հրամանատարներին: Որպես ձեռքբերում առանձնացվել են հրամանատարների և շտաբների կառավարման ունակությունները, ստորաբաժանումների ճիշտ փոխհամագործակցության, հրամանատարների կողմից ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու բարձր մակարդակը, զինծառայողների արհեստավարժ գործողություններն ու բարձր մարտական ոգին: Հատուկ շեշտվել են հրետանային ստորաբաժանումների կողմից բարձր մակարդակով իրականացված գործողությունները, կրակային միջոցների խոցման բարձր աստիճանը:

  • Տարածել