Մամուլի հաղորդագրություն

15 Ապրիլի, 2016 10:26
Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ նույնը: Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահարային ու ականանետային զինատեսակներից կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ: Իրավիճակն առավել անհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարևելյան  (Թալիշ-Մարտակերտ), արևելյան  (Մարտունի) և հարավային  (Հադրութ) ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 82 մմ-ոց  (3 արկ), 60 մմ-ոց  (12 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ  (16 արկ):

Հատկանշական է, որ հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջին երկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ: Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանի դեպքը դրա ապացույցն է:

Հաշվի առնելով այս հանգամանքը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց մարտական խնդիրները կատարում են իրադրության զարգացման համահունչ և վստահորեն իրականացնում են Արցախի սահմանների պաշտպանությունը: Առաջնային գծում տեղ գտնող միջադեպերից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

  • Տարածել