Մամուլի հաղորդագրություն

11 Ապրիլի, 2016 19:32
Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների աճունների հայտնաբերման և անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին՝ ս.թ. ապրիլի 10-ին ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայացուցիչների միջնորդությամբ տեղի ունեցած զինծառայողների մարմինների փոխանակման աշխատանքների իրականացման համար, որի արդյունքում հայկական կողմին են փոխանցվել 18 զինծառայողների աճյուններ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ-ի պատվիրակության  ղեկավարին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր 18 աճյունները ենթարկվել են դիակապտության և անարգանքի, ինչը հանդիսանում է ոչ միայն 1949թ. Ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների 3-րդ ընդհանուր հոդվածի (Common Article 3) առաջին կետի երկրորդ պարբերության (a) ենթակետի (...To this end, the following acts are and shall remain prohibited at any time and in any place whatsoever with respect to the above-mentioned persons: (a) violence to life and person, in particular murder of all kinds, mutilation, cruel treatment and torture), ինչպես նաև 1949թ. կոնվենցիաների Լրացուցիչ առաջին արձանագրության 34-րդ հոդվածի դրույթների կոպտագույն խախտում, այլ նաև ծանր հանցագործություն՝ ցանկացած իրավական պետության քրեական օրենսդրության համաձայն: Իսկ քաղաքացիական բնակչության մասով` խախտվել են 1949թ Ժնևյան 4-րդ կոնվենցիայի 130-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթները:

Դավիթ Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները ենթարկվեն միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, դրանց տրվեն համապատասխան իրավական գնահատականներ:

  • Տարածել