ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

5 Ապրիլի, 2016
Ապրիլի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցելության նպատակը վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր` ուշադրության կենտրոնում պահելով նրանց ապաքինման ընթացքը:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է մարտական գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով, քաջալերել է զինծառայողներին և մաղթել շուտափույթ ապաքինում:

Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն ու զորակցությունն է հայտնել ինչպես զինծառայողներին, այնպես էլ նրանց տեսակցելու եկած ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակներ դաստիարակելու համար և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը և իր, և հոսպիտալի բուժանձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում է:

  • Տարածել