Համատեղ կազմակերպվող միջոցառումները նպաստում են պաշտպանական համակարգի ամրապնդմանը

9 Փետրվարի, 2016 19:22
Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում:

Դասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչական ղեկավարը խոսել է զինված ուժերում ընթացող բարեփոխումների, նախորդ տարի արձանագրված հաջողությունների, առկա խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև 2016 թվականի տարեմուտի իր ուղերձի առանցքային դրույթների մասին:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հայկական բանակի գործունեությամբ իրավամբ հպարտանում է ողջ հայ ժողովուրդը՝ յուրաքանչյուր օր ականատեսը լինելով մերօրյա հերոսների նոր սխրանքների, որոնց օրինակով էլ դաստիարակվում է մատաղ սերունդը:

Անչափ կարևորելով համալսարանականների հետ ավանդույթ դարձած հանդիպումները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում հավաստիացրել է, որ կրթական և պաշտպանական ոլորտների միջև սերտ գործակցությունը և համատեղ կազմակերպվող միջոցառումները նպաստում են պաշտպանական համակարգի ամրապնդմանն ու առաջընթացին:

Պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացնելով զինված ուժերի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները՝ Սեյրան Օհանյանը փաստել է, որ այսօր առկա մարտահրավերների պայմաներում, երբ անվտանգության միջավայրը բավականին փխրուն է և փոփոխական, հայկական զինուժը կարողանում է իր պատրաստվածությամբ, զինծառայողների բարոյահոգեբանական բարձր մակարդակի և մարտական ոգու շնորհիվ ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որոնք հակառակորդին ստիպում են զերծ մնալ լայնածավալ մարտական գործողություններից՝ դրանց վերսկսման վտանգը հասցնելով նվազագույնի:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին ոչ միայն բանակ-բուհ համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ծրագրերին, այլև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների առավել բարելավմանը, նրանց աշխատավարձերի բարձրացմանը, սպառազինության համալրմանը և այլն:

Հանդիպմանը մասնակցող նախկին համալսարանականները, ովքեր այսօր բարեխղճորեն ծառայում են ազգային բանակում, պաշտպանության նախարարի կողմից խրախուսվել են կարճատև արձակուրդով:

  • Տարածել