ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵԼՈՒՅԹԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԵՐԵՎԱՆԻ ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏՈՒՄ (Երևան, 28-ը հունվա

29 Հունվարի, 2016 15:55
Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ,
Հարգարժան Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Վեհափառ Տեր,
Տիկնայք և պարոնայք, թանկագին հյուրեր, զինծառայողներ

Շնորհավորում եմ մեր ժողովրդին ու առաջին հերթին Հայ­րենիքի պաշտպանության մարտերում հերոսացած ա­զատա­մար­տիկների ու զինծառայողների ընտանիքներին, մարտական խնդիր­ներ կատարող բոլոր զինծառայողներին, Արցախյան ազատա­մար­տի մաս­նակիցներին` Հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդար­ձի առթիվ:

ՀՀ զինված ուժերը իր գոյության քառորդդարյա հոբելյանին է մոտենում գլուխը բարձր և յուրաքանչյուր հայի հպար­տությամբ արտասանած «Հայկական բանակ» բառերի մեջ կրելով մեր պատմական երազանքները, դարերով կուտակված ռազմա­կան գի­տության ավանդույթները, երկար տարիների քրտնաջան, զրկանք­ներով լի ծառայությունն ու հաղթանակի բերկրանքը:

2015 թվականը նույնպես Հայոց բանակի համար ձեռքբե­րումների և որակական առաջընթացի տարի էր, որի ընթացքում զինված ուժերը կատարեց իր ա­ռա­քելու­թյունը՝ վստա­հորեն ապա­հովելով Հայաստանի ու Արցախի ան­վտան­գությունը:

Տարին առանձնացավ սահմանագոտում ստեղծված աննա­խադեպ լարվածությամբ` հակառակորդի կողմից մեկը մյու­սին հաջորդող դիվերսիոն գոր­ծո­ղություններով, հրետանու, հրթի­ռա­հրե­տանային կայանքների և անգամ տանկային կրակի կիրառ­մամբ: Հակամարտությունը թևակոխեց որակական նոր փուլ, և միայն դիվանագիտական ու ռազմական ասպարեզներում Հա­յաս­տանի Հանրապետության Նախագահ, զինված ուժերի Գերա­գույն գլխա­վոր հրամանատարի անձնական ուղղորդման, կա­ռավարու­թյան որոշումների անշեղ կատարման և միաժամա­նակ Հայ­կական բանա­կի ստորաբաժանում­ների ներդաշ­նակ ու փոխկա­պակցված գործողությունների շնորհիվ, առաջնորդվելով «Փոքր ուժերով մեծ խնդիրների լուծման» նշանաբանով և բոլոր օղակ­ների հրամանա­տարներին առավել ինքնուրույնություն և նախա­ձեռ­նո­ղականություն ընձեռող «Հրամանատրում առաջադրանքով» ղեկա­վարման հայե­ցակարգով՝ մեզ հա­ջողվեց ժամանակին ու արժանի հակահարված տալ հակա­ռա­կորդի բո­լոր ոտնձգություններին և կանխարգելել զինված դիմա­կայության հետագա սրումը:

Այս տարի մենք կտոնենք Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակ­ման 25-րդ տարեդարձը: Այդ անկախու­թյունը կերտեց, պահպանեց ու պաշտպանեց Հայկական բանակը, ուր այսօր զորակոչվում են 20-րդ դարը հաղթա­նակներով եզրա­փակելուց հետո վերստին անկախ ու ինքնիշխան դարձած Հա­յաստանում և Արցախում ծնված պատանիները: Նրանք Արցախյան ազատամարտի կամավորների պես քաջ գիտեն «Հայրենիք» նվիրական բառի արժեքը և ունեն նրա անվտանգության շահերի պաշտպանությունն ապահովելու վճռականությունն ու հաստատ­ակամությունը:

1994 թվականի մայիսին հաստատված հաղթական զինադա­դարին հաջորդած զինված դիմակայությունը չի վերաճում լայ­նածա­վալ ռազմական գործողությունների ոչ միայն Հայկական բանակի ստորաբաժանումների մարտական բարձր պատրաստու­թյան ու ժա­մանակակից սպառազինության, այլև հայ զինվորների ու սպաների նվիրումի, ջանքերի, նրանց սխրանքների ու, ցավոք, երբեմն էլ կյանքերի գնով: Նրանք զին­վորյալ­ներ են, ովքեր հավիտյան մեզ հետ են, մեր շարքերում: Նրանք ան­մահացան՝ զինվորական շարքերը վերածելով գաղափարակա­նի և ոգեղենի: Արդ, ամեն օր՝ երեկոյան անվանականչի ժա­մա­նակ, նրանց անուններն ու հերոսու­թյունները լսելիս մեզանից յուրա­քանչյուրի մարմնով անցնող սարսուռը շաղախում է ցավն ու սխրանքը, հե­տո վերածում հպարտության, իսկ վեր­ջում կարծրանալով՝ դառ­նում պատասխա­նատվություն՝ զրկելով մեզ սխալվելու իրավունքից:

Եվ այժմ, այս տոնական օրը, մտովի անուն առ անուն հիշելով մեր բոլոր զինվորյալներին՝ Հայաստանի ազգային և Արցախի հե­րոսներ Սպարապետ Վազգեն Սարգս­յա­նին, Մոն­թե Մելքոնյանին, Յուրա Պողոսյանին, հին ու նոր օրերի բոլոր հերոսներին՝ Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան և Զինված ուժերի մարտական դրոշ­ների ներքո խոնարհվենք նրանց սխրանքի առջև և մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը:

Շնորհակալություն:

Հայկական բանակն այսօր բնութագրվում է ռազմավարական պլանավորման, նախաձեռնողական կառավարման, ենթա­կաների աշխատանքի արդար գնահատման մշակույթով, դինամիկ կերպով զարգացող ռազմարդյունաբերությամբ ու զենքի ժամանակակից հե­ռահար և ճշգրիտ համակարգերին լավագույնս տիրապետող և բարձր պատրաստությամբ անձ­նակազմերով, առաջնագծի ամ­րաց­­ման ու դիրքապահ ծառայության անվտանգության ապա­հովման նպատակով իրականաց­վող լայնածավալ ինժեներական աշխատանքներով, բա­նակի ու հասա­րա­կության բոլոր շերտերի միջև կապի ամրապնդմամբ:

Կարգապահության ոլորտում մեր ցուցանիշները աննախա­դեպ բարձր աստիճանի հասան վերջին տարիներին «Արատավոր բար­քերի դեմ պայքարի» արդյունքում: Միջանձնային առողջ փոխհարաբերությունների և հանդուրժողականության սերմանման ուղղու­­թյամբ աշխատանքը մենք բարելավում ենք նաև զինված ուժերի հոգևոր ծառայու­թյան արդյունավետ գործունեությամբ:

Մենք անշեղորեն շարժվում ենք դեպի Ազգային բանակի վերջնական ձևավորումը՝ որի հիմքում հայրենասիրությունն է, դարերից փոխանցված մարդկային հարաբերությունների բարձր մակարդակը, ազգային ավանդույթները, ընկերականությունն ու արդարությունը: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել նաև կադրային քաղաքականության, ռազմական կրթության ու գի­տու­թյան, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցի­ալական պաշտպանության, զորա­կոչի ու գնումների ոլորտնե­րում թափանցիկ գործելակերպի, ինչպես նաև Զինված ուժերում մարդու իրավունքների և բարե­վար­քության ամրապնդման ուղղությամբ:

Հայկական բանակն այսօր իր պաշտպանական քաղաքակա­նությունը կառուցում է պետական կառավարման և տեղական ինք­նակառավարման բոլոր մարմինների, մեր աշխատանքին օժան­դակող յուրաքանչյուր կարող ուժի, ըստ էության, ամեն մի ընտա­նիքից բանակում իր սեփական դեսպանն ունեցող ամբողջ ժո­ղովրդի հետ:

Այս ամենին զուգընթաց, մեծ աշխատանք է իրակա­նաց­վում միջազգային անվտանգության ապահովման գործում մեր ներ­գրավվածության ընդլայնման ուղղությամբ: Ամրապնդվում է ռազ­մական և ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավա­րական դաշնակից Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հյուսիս­ատ­լանտյան դա­շինքի, Չինաստանի, եվրոպական և տարածա­շրջա­նային գործըն­կերների` հատկապես Վրաստանի, Իրանի և Լի­բա­նանի հետ: Ավելին՝ մեր անվտանգության մակարդակը էլ ավելի կբարելավվի Հավաքական անվտան­գու­թյան պայմա­նագրի կազ­մակեր­պությունում  նախագա­հողի նախաձեռնո­ղական գործա­ռույթ­ների իրականացմամբ և Ռուսաստանի Դաշնու­թյան հետ ստեղծված Կովկա­սում նոր որակի հակաօդային պաշտ­պա­նության միասնական համակարգով:

Հայկական բանակի կայացման արշալույսին մենք աննկուն ջանքերով փորձում էինք խաղաղություն բերել Հայաստանի ու Արցախի ավերվող բնակա­վայրերին, իսկ այսօր Հայկական բա­նակի միջազգային առաջավոր չափանիշներով որակավորված խաղաղապահ ստորաբաժա­նումները Միավորված ազգերի կազմակերպության մանդատով նույն շնորհակալ առաքելությունն են իրականացնում միաժամա­նակ չորս ռազմաբեմերում` Լիբանա­նում, Աֆղանստանում, Կոսո­վոյում և Մալիում:

Հետաքրքրությամբ տեղեկանալով այլ պետություններում կայացող զորավարժությունների ընդգրկման ու ծավալների մասին՝ գուցե ինքներս էլ չնկատեցինք, թե ինչպես, Հայկական բանակի հզորաց­մանը զուգընթաց, Հայաստանն սկսեց հյուրընկալել բազմազգ զո­րավարժություններ ու վարժանքներ: Վկան՝ միայն անցած տարվա ընթացքում Հայաստանում անցկացված ՀԱՊԿ անդամ պետու­թյունների հավաքական խաղաղարար ուժերի «Անքակտելի եղբայ­րություն-2015» համատեղ զորավարժությունը և «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդները» պատանեկան միջազգային ռազ­մամարզական հավաքը:

Իսկ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարա­շտա­բա­յին լայնընդգրկուն զորավարժությունները նոր առաջընթաց գրան­ցեցին ռազմական վտանգի պայմաններում պետական կառավար­ման ու տեղական ինքնակառավարման ողջ համակարգի գործո­ղությունների ներդաշնակման ասպարեզում:

Պատերազմի արահետներով քայլելիս թե բազմազգ զորա­վարժություններից հետո հայկական Եռագույնի հպարտ ծփանքի ներքո հաղթողի դափնիները ստանալիս մենք գիտեինք, որ թի­կունքում հույսով մեզ սպասող ժողովուրդ ունենք, որը ծանրագույն զրկանքների գնով զորավիգ է լինում մեզ: Եվ դրանում է մեր անպարտելի ուժը:

Զինված դիմակայությունն այսօր ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Մերձավոր Արևելքում փորձում է մոտենալ հայի ազատ ու արժանապատիվ կյանքի տիրույթներին և բախել մեր դուռը: Բայց վստա´հ եղեք, որ Հայաստանի իշխանություն­նե­րի, հայ ժողովրդի ու զինված ուժերի միակամ ու համախումբ գոր­ծողություններով մենք հետ կվանենք այդ ուրվականը, երբեք չենք հանդուրժի հակառակորդի որևէ սադրանք կամ զինված ոտնձգություն: Դա´ է մեր կոչումը, ի վերուստ սահմանված առաքելու­թյունն ու ճակատագիրը: Եվ ոչ մի ուժ չի կարող մեզ շեղել մեր ուղուց, որով «Հրամանա­տարական պատրաստության տարի» հայտարարված 2016 թվա­կանին Հայ­կական բանակը կապրի «Պատ­րաստ­ված հրա­մանա­տար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կար­գախոսի ներքո:

Մենք թանկ գին ենք վճարել մեր հաղթանակների համար, և հավաստիացնում եմ, որ շարունակելու ենք առաջնորդվել մեր ընդունած որոշմամբ` «հաղթել... հաղթել բոլոր ճակատներում»:

Սիրելի հայրենակիցներ

Հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առ­թիվ վերստին շնորհավորում եմ բոլորիս, բոլոր զինծառայող­ներին և համայն հայությանը:

Փառք ու պատիվ, հավերժ հիշատակ Հայրենիքի համար նահատակված մարտիկ­ներին:

Երկնային զորագլխի օրհնությունը Հայոց հողին, նրա հաղթա­նակած ժողովրդին, փառապանծ բանակին, քաջարի հրամա­նա­տարին ու զինվորին:

Շնորհակալություն:

  • Տարածել