ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան

9 Հունվարի, 2016 17:45
Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու, նորակոչիկներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն մաղթելու նպատակով հունվարի 9-ին Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զրուցելով նորակոչիկների ծնողների ու հարազատների հետ՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ  հայկական զինուժն ամեն օր գերազանց հանձնում է իր առջև դրված քննությունը, ինչն իհարկե բանակի ղեկավարության և հրամանատարության հետևողական աշխատանքի, հայ զինվորների բարեխիղճ ծառայության և հասարակության միակամ աջակցության արդյունքն է: Պաշտպանության նախարարը փաստել է, որ զորակոչ առ զորակոչ արվում է ամենայն հնարավորը՝ համապետական նշանակության այս կարևոր գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու, զորակոչի թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ:

Հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է նաև նորակոչիկների հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով: Սեյրան Օհանյանը տղաներին հորդորել է գիտակցաբար մոտենալ զինվորական ծառայությանը, լսել հրամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց ցուցումները, քանի որ դա է հայրենյաց պաշտպանի մասնագիտությանը վարժ տիրապետելու և արժանապատվորեն ծառայելու գլխավոր բաղադրիչը:

Հաշվի առնելով այս օրերի եղանակային անբարենանպաստ պայմանները՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ձեռնարկվել են բոլոր միջոցառումները՝ նորակոչիկների տեղափոխումը զորամասեր անվտանգ իրականացնելու նպատակով:

  • Տարածել